Մատչելիության հղումներ

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյան. «Մեր գիտությունը ողբալի վիճակում է»


Երկուշաբթի օրը, Ազգային ժողովի գիտության, կրթության եւ մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տեղի ունեցած լսումների ընթացքում գիտնականները կրկին բարձրացրին տարիներ շարունակ ապարդյուն բարձրացվող հարցերը:

Խորհրդարանի պատգամավորների եւ գիտական մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ լսումների բանախոսներից Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Արտակ Սահրադյանը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար Էդվարդ Ղազարյանը ներկայացրին այսօրվա գիտական հիմնախնդիրները՝ ուրվագծելով նաեւ դրանց լուծման հեռանկարները՝ գիտակրթական բարեփոխումների ճանապարհով:

Գիտության բնագավառում այսօր տիրող իրավիճակը, սակայն, այնքան բարդ ու խճճված է, որ այդ գորդյան հանգույցը կտրելու ուժ, քաջություն ու կամք է հարկավոր ոչ միայն գիտնականների, այլեւ, եւ առաջին հերթին, պետության կողմից:

Բավական է հիշել գիտության ֆինանսավորման հարցը. տրամադրվող գումարները բավարար չեն ո’չ նորմալ աշխատավարձ վճարելու, ո’չ գիտական աշխատանքի համար նորմալ պայմաններ, անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ստեղծելու համար: Գիտնականներից շատերը, մինչդեռ, համոզված են, որ ցանկության դեպքում կարելի է գտնել այդ ամենը ապահովելու համար անհրաժեշտ գումարները:

«Մեր պատգամավորները պետք է իրենց շատ վատ զգան, որ իրենք իրենց նշանակել են այնպիսի աշխատավարձ, որը առնվազն տասն անգամ ավելի է գիտության դոկտորի աշխատավարձից», - ասաց Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը եւ դիմեց լսումներին ներկա պատգամավորներին. - «Ի՞նչ եք ուզում դրանով ապացուցել... Որ դուք շատ ավելի գիտելիքներ ունե՞ք, թե՞ ձեր գործը ավելի ծանր է»:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կարծիքով, ում բնորոշմամբ, մեր գիտությունն այսօր «ողբալի վիճակում է», գիտական նոր նվաճումներ կարելի է ակնկալել միայն՝ սերտացնելով գիտության եւ տնտեսության կապը:

«Գիտության պատվիրատուն բոլոր զարգացած երկրներում արդյունաբերությունն է ու արտադրությունը, որը մեզ մոտ հայտնվել էր կոլապսի վիճակում եւ, ցավոք, այս 10-12 տարիների ընթացում շատ քիչ է արվել, որ վերականգնվի», - ասաց նա:

Ժամանակակից ամենազարգացած երկրներում գիտության բյուջեի 40-80 տոկոսը ապահովում են արդյունաբերական, արտադրական ընկերությունները: Հենց դրանց շնորհիվ է, ըստ Ղազարյանի, ապահովվում գիտության փորձարարական, գիտատեխնիկական բազան, իսկ մեզանում այն «միջնադարյան վիճակում է»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG