Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ռուսաստանյան արտադրության զենք վաճառող խմբի կազմում նաեւ հայեր կան


Ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, Միացյալ Նահանգների իշխանությունները 18 անձանցից բաղկացած մի խմբի մեղադրում են ռուսաստանյան արտադրության զենք եւ զինամթերք ապօրինի ճանապարհով ԱՄՆ ներկրումը նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների մեջ կան նաեւ հայեր:

Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում ձերբակալվածներից 17-ին ներկայացվել է ապօրինի զենք տեղափոխելու մեղադրանք:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, ձերբակալությունը հնարավոր է դարձել Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ շուրջ 1 տարի տեւած աշխատանքի արդյունքում: Բյուրոյի գործակալը՝ ներկայանալով որպես Ալ-Ղաիդայի հետ կապեր ունեցող անձ, ցանկություն է հայտնել գնել հակատանկային նռնականետեր եւ շարժական հռթիռային կայանքներ:

Պայթուցիկների մասնագետ այդ գործակալը Հետաքննությունների դաշնային բյուրո դիմել էր, երբ իր հետ կապ հաստատած մի մարդ պնդել էր, թե կարող է հայթայթել նախկին Խորհրդային Միությունում արտադրված զենք եւ զինամթերք:

Հաղորդվում է նաեւ, որ հետաքննության ընթացքում 7 բջջային հեռախոսների 15 հազար հեռախոսազանգերի գաղտնի լսումներ են իրականացվել Հարավային Աֆրիկայում, Հայաստանում եւ Վրաստանում:

Հայաստանի եւ Հարավային Աֆրիկայի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբի ներկայացուցիչները «գնորդին են ներկայացրել զենքն ու զինամթերքը պատկերող տեսաժապավեն»: Ենթադրաբար Հայաստանում նկարված տեսաժապավենի վրա պատկերված են ռուսական արտադրության հակատանկային նռնականետեր եւ շարժական հռթիռային կայանքներ, հակատանկային հրացաններ եւ այլ զենք ու զինամթերք:

Հաղորդվում է, որ երկուշաբթի օրը Նյու Յորքի հյուրանոցներից մեկում ձերբակալվել են ԱՄՆ-ում բնակվող Հայաստանի քաղաքացի 26-ամյա Արթուր Սոլոմոնյանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Քրիստիան Սպայսը: Ձերբակալոթյունը տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալի հետ հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան Եվրոպայից, Հայաստանից եւ Վրաստանից զենքերը Միացյալ Նահանգներ տեղափոխելու մանրամասները:

Մինչեւ ձերբակալությունը Սոլոմոնյանը եւ խմբի մյուս անդամները ԱՄՆ-ում վաճառել են 8 գնդացիր եւ այլ հրազեն: Մեղադրանքների հաստատման դեպքում Սոլոմոնյանին եւ Սպայսին սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում:

Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայումս աշխատում է Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների հետ՝ նշված զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ), մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ կատարվածի մասին տեղեկություններ չունեն: «Դեպքի մասին իմացել ենք լրատվամիջոցներից», - ասաց ԱԱԾ-ի ներկայացուցիչը: - «Օգնության խնդրանքով մեզ որեւէ մեկը չի դիմել»:

Հայաստանի գլխավոր դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչը նույնպես ասաց, որ տեղեկություն չունի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների իրավապահների որեւէ համատեղ գործողության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG