Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է սոցիալական ոլորտի երկու հիմնարար օրենքների նախագծերը


Կառավարությունն այսօր քննարկեց ու հաստատեց «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» հիմնարար օրենքների նախագծերը, որոնցից առաջինը կկանոնակարգի սոցիալական աջակցության բոլոր ոլորտների ու ծառայությունների աշխատանքը, իսկ երկրորդը կսահմանի պետական բյուջեից բնակչության տարբեր խմբերին տրվող դրամական օգնության տեսակները, պետական նպաստները բաշխել իրավասու կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները:

Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նորույթներից է, որ այն նախատեսում է անօթեւան-թափառաշրջիկ մարդկանց պետական աջակցության ձեւերը:

«Կլինի մի հաստատություն, որի համար մենք կփորձենք մեր նախարարության սահմաններում գտնել շենքային լուծումներ եւ սպասարկող անձնակազմ՝ բոլոր կարգի աջակցություններ՝ սոցիալական, հոգեբանական եւ այլն: Եվ այս կարգի մարդկանց մենք կկարողանանք տեղավորել այդտեղ, որոշակի աջակցություն ցույց տալ», - ասաց Վարդանյանը՝ պարզաբանելով. - «Ավելի պարզ ասած՝ մաքրել, լողացնել, հագցնել եւ բուժել, որոշակի ժամանակ պահել այնտեղ»:

Խոսքը, ըստ նախարարի, ոչ միայն թափառաշրջիկ, անօթեւան մարդկանց մասին է, այլեւ նրանց, որոնք իրենց ընտանիքներում բռնությունների են ենթարկվել ու ժամանակավորապես օթեւանի կարիք ունեն։

Ինչ վերաբեում է այսօր հաստատված երկրորդ օրինագծնին, նախարարն ասաց, որ դրանով պետական նպաստների բաշխման մեխանիզմները առավելագույնս մոտեցվել են միջազգային չափանիշներին։

Խոսելով նպաստների չափի մասին, Աղվան Վարդանյանը ասաց, որ այն անցած տարվա համեմատ բարձրացել է գրեթե մեկ երրորդով եւ ներկայումս կազմում է 12 հազար դրամ:

Սակայն աղքատության ընտանեկան նպաստը առնվազն երեք անգամ փոքր է չորս հոգու համար հաշվարկված նվազագուն պարենային զամբյուղի արժեքից:

Ըստ նախարարի, աղքատության նպաստ այսօր ստանում են հայաստանյան ընտանիքների 18 տոկոսը կամ 140 հազար ընտանիք, որոնց թիվը անցյալ տարվա համեմատ գրեթե չի նվազել, թեեւ, ինչպես հավաստիացնում է պաշտոնական վիճակագրությունը, երկրում աղքատության մակարդակն իջել է, հատկապես՝ կրճատվել է ծայրահեղ աղքատ ընտանիքների թիվը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG