Մատչելիության հղումներ

«Հարավային Կովկասում կայունության պահպանումը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ընդհանուր նպատակն է»


«Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կայունության, անվտանգության եւ բարեկեցության պահպանումը դարձել է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հիմնական ընդհանուր նպատակներից մեկը», - երեքշաբթի օրը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Անտանաս Վալիոնիսը:

Ինչպես հաղորդել է Բալթյան լրատվական ծառայությունը, Հարավային Կովկասի եւ Բալթյան պետությունների համագործակցությանը նվիրված միջազգային գիտաժողովում նախարարը կարծիք է հայտնել, որ Եվրամիության որոշումը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում ներառելը հնարավորություն է տալիս Հարավային Կովկասում իրականացնել քաղաքական, տնտեսական եւ վարչական բարեփոխումներ:

Ըստ նրա, այդ գործում Հարավային Կովկասի պետություններին կարող է շոշափելիորեն օգտակար լինել Բալթյան պետությունների փորձը:

Նշենք, որ «Բալթյան երկրները եւ կովկասյան հանրապետությունները» եռօրյա գիտաժողովը, որին ներկա են քաղաքական գործիչներ, դիվանագետներ եւ ռազմական փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, կազմակերպել են ամերիկյան Մարշալի կենտրոնը եւ Լիտվայի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG