Մատչելիության հղումներ

«Ճիշտ տնտեսական քաղաքականությունը Հայաստանում սկսել է արդյունքներ տալ»


Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Աղքատության հաղթահարման եւ տնտեսական աճի եռամյա վարկի ներքո Հայաստանի տնտեսական ցուցանիշերի վերջին ամփոփումը։ Այդ ծավալուն փաստաթղթում ուշագրավ գնահատականներ կան Հայաստանի տնտեսական կատարողականի, տնտեսության վրա ներքաղաքական իրողությունների ազդեցության, ինչպես նաեւ հնարավոր տնտեսական զարգացումների վերաբերյալ։

«Ճիշտ տնտեսական քաղաքականության որդեգրումը սկսել է տալ իր արդյունքները., Հայաստանը հիմա ունի տնտեսական աճի բարձր տեմպեր, աղքատության ցուցանիշերը նվազել են ու կենսամակարդակը սկսել է բարելավվել», - երկուշաբթի հրավիրված ասուլիսում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս ՄըքՀյուն:

Այդուհանդերձ, հիմնադրամի ամփոփման մեջ շետված է, որ թեեւ աղքատությունը Հայաստանում նվազում է, բայց, այն վերստին բարձր է մնում, հատկապես՝ Երեւանից դուրս։ Նշված է նաեւ, որ վերջին երեք տարիներին տնտեսական աճի զգալի մասը ձեռք է բերվել օտարերկրյա վարկերի եւ դրամաշնորհների՝ մասնավորապես, Լինսի հիմնադրամի գումարների հաշվին։

Քաղաքական իրավիճակի վերաբերյալ փաստաթղթում ասվում է, որ թեեւ այն կայուն է, սակայն մտահոգիչ է մնում շահագրգիռ «նեղ խմբերի» ազդեցությունը, որոնց անձնական շահերի պատճառով Ազգային ժողովում որոշ հարկային օրենքներ կասեցվել են։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա երեք տարիներին եւս այդ դոնոր կառույցի հետ համագործակցությունը կշարունակվի, սակայն տրամադրվող միջոցները անհամեմատ ավելի փոքր կլինեն։ Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, արդեն քաղաքական որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը Արժույթի հիմնադրամի հետ.

«Քաղաքական այդպիսի որոշումը ընդունվել է, եւ մենք սկսել ենք բանակցել նոր ծրագրի շուրջ»,- ասաց նա:

Արժույթի հիմնադրամի ամփոփման համաձայն, Հայաստանում շարունակում են առավել խնդրահարույց մնալ հարկային ու հատկապես մաքսային ոլորտները։ Հարկային եւ մաքսային հավաքագրումները, ըստ հիմնադրամի գնահատականի, «հիասթափեցնող են», իրական եւ պոտենցիալ հարկահավաքի միջեւ մեջ անջրպետ կա։ Փաստաթղթում շետված է, որ Հայաստանի խոշոր հարկատուները վճարում են ընդհանուր հարկերի 23 տոկոսը, մինչդեռ, նրանց բաժինը պետք է առնվազն 75 տոկոս լիներ։

Հարկ է հիշեցնել, որ դեռեւս նախորդ վարկային ծրագրի շրջանակներում կառավարությունը պարտավորվել էր ավելի թափանցիկ դարձնել մաքսային ու հարկային ընթացակարգերը, բացառել կոռուպցիոն երեւույթները։ Այդ խնդիրները, ամենայն հավանականությամբ, փոխանցվում են հաջորդ վարկային ծրագրերին։

Դրանցից մեկով, նախատեսվում է մաքսային մարմիններում ներդնել հաշվառման ու վերահսկողության էլեկտրոնային համակարգեր, որոնցով հնարավոր կլինի գնահատել կատարվող վճարումների համապատասխանությունը իրական ներկրումների ծավալներին, կիրառել էլեկտրոնային ստորագրության՝ աշխարհում ընդունված վավերացման համակարգը։

«Երկրի տնտեսական հեռանկարը բարենպաստ է, սակայն՝ ոչ առանց ռիսկերի», - շեշտված է հրապարակված ամփոփման մեջ։ Ընդ որում՝ ամենակարեւոր ռիսկերը ներքին ճակատում են։ Դրանք կապված են ժամանակ առ ժամանակ ծագող տնտեսական անկայունության եւ հարկահավաքի, դատական, բանկային եւ օրենսդրական համակարգերում առկա պրոբլեմները լուծելու անբավարար վճռականության հետ, ինչը կարող է վնասել աճի հեռանկարներին, եւ խոչընդոտել աղքատության մակարդակի հետագա կրճատումը։

Ամփոփման մեջ նաեւ ասվում է, որ երկրի արտաքին դիրքը մնում է խոցելի՝ Ղարաբաղյան հակամարտության եւ շրջափակումների, ինչպես նաեւ՝ արտահանման ցածր բազմազանության պատճառով։

Վերջապես, ըստ հիմնադրամի գնահատականների, Հայաստանի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից եւ դրամաշնորհներից նշանակում է, որ այդ հատկացումների ցանկացած ընդհատում կարող է բացասական ազդեցություն ունենալ մակրոտնտեսական կայունության վրա։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG