Մատչելիության հղումներ

Նախկին իշխանական կուսակցությունը մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացնում


Հակառակ անցած ամսվա վերջին Միացյալ Նահանգներից վերադառնալիս օդանավակայանում մի քանի տարվա լռությունից հետո լրագրողների հետ զրուցելու փաստով հիմնավորված սպասումների, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի օրը Հայոց համազգային շարժման համագումարի ժամանակ չպատասխանեց լրագրողների հարցերին:

Նախկին նախագահի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանի խոսքերով, այդուհանդերձ, չի կարող անտեղի լինել արդեն իսկ այն, որ ակտիվորեն քննարկվում է Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի վերադարձի հարցը:

«Հենց այնպես ոչ մի բան չի լինում», - ասաց Զուրաբյանը՝ ավելացնելով, թե ՀՀՇ-ն պետք է դաշնակիցներ փնտրի հասարակության տարբեր շերտերում:

Զուրբայանի համոզմամբ, ազատական ուժերի համաժողովրդական շարժում, ամեն դեպքում, լինելու է:

Մինչդեռ, հենց ՀՀՇ-ի ներսում, թերեւս, համախմբման խնդիր կա. համագումարին չէին մասնակցում Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը, փոխխոսնակ Արա Սահակյանը:

Համագումարում հնչած ելույթները հիմնականում համախմբվելու ու ակտիվանալու շուրջ էին:

«Հայոց համազգային շարժումը իր իսկ պատասխանատվությունից դրդված եւ Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանությունների կրախից ելնելով, պարտավոր է ակտիվ քաղաքականության մեջ մտնել», - իր ելույթում ասաց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, թե այդ գործընթացը չսկսելը «մեղադրելի» է: - «Ես վստահ եմ, որ այս համագումարը ակտիվ քայլեր կանի, որպեսզի տղայական կեցվածքով, տղայական գործունեությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցրած մարդը այն զիջի իրական տիրոջը»:

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի խոսքերով, անելիքներն առաջիկայում բազմաթիվ են: Կուսակցությունը իր առջեւ խնդիր է դրել շարունակել պայքարը «սահմանադրական ոտնձգությունների դեմ»:

Նշվեց, որ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ՝ բնականաբար, լուրջ քաղաքական տարաձայնությունների բացակայության դեպքում:

Նախկին իշխանական կուսակցության համագումարին ներկայիս ընդդիմությունից մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ-ի ղեկավար անդամ, պատգամավոր Վարդան Մկրտչյանը, Ազատական ժողովրդական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀՇ նախագահը իր հաշվետու զեկույցում նշեց, որ կուսակցությունը շարունակելու է քայլերը «արեւմտյան արժեքներին ինտեգրվելու, հետագայում Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ:

«Մենք գտնում ենք, որ պետք է ընդգրկվենք ռազմական մեկ դաշինքում՝ ՆԱՏՕ-ում», - ասաց Արարատ Զուրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հույս ունեն, թե Արեւմուտքը կարող է օգնել իրենց, Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք տեսանք, որ այդ օգնությունը ստացավ թե’ Վրաստանը, թե’ Ուկրաինան: Կարծում ենք, եթե այս իրավիճակը լինի Հայաստանում՝ կստանան նաեւ Հայաստանի քաղաքական ուժերը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG