Մատչելիության հղումներ

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը միանում է Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարին


Անցած տարվա աշնանը Հայաստանի կառավարության հաստատած՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրին իր ներդրումն է պատրաստվում բերել «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ ազդարարելով 3,8 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի սկիզբը:

Դեղորայքակայուն տուբերկուլյոզը, որի դեմ պայքարին է ուղղված «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, այն դեպքն է, երբ հիվանդությունը կայուն է մնում անգամ ամենահզոր դեղամիջոցների նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության ու սոցիալական ապահովագրության բաժնի պետ Արմեն Սողոյանի խոսքերով, Հայաստանում նման դեպքերը վերջին շրջանում շատացել են:

«Շատ վտանգավոր է տուբերկուլյոզի դեղորայքակայուն ձեւերի առկայությունը Հայաստանում», - ասաց Սողոյանը: - «Եթե ժամանակին դրա դեմ միջոցառումներ չիրականացվեն, ապա դա կարող է լուրջ վտանգ դառնալ»:

3 միլիոն 800 հազար դոլար արժեցող ծրագրի ավարտին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խոստանում է մինչեւ 2008 թվականի ավարտը բուժել 300 հիվանդի:

Բացի այդ, Երեւանի երկու համայնքներում՝ Մալաթիա-Սեբաստիայում ու Շենգավիթում, պոլիկլինիկաները կհագեցվեն հատուկ լաբորատորիաներով, որոնք կաշխատեն տուբերկուլյոզով հիվանդների բացահայտման եւ ախտորոշման ուղղությամբ: Սա խիստ կարեւոր է, քանի որ, եթե պաշտոնական տվյալներով այսօր Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը մոտ 6500 է, ապա իրականում, ազգային ծրագրի ղեկավար Վահան Պողոսյանի հավաստմամբ, այդ թիվը շատ ավելի մեծ է:

«Սա կարող ենք անվանել նոր հիվանդներ հայտնաբերելու ծրագիր», - ասաց նա: - «Աշխատանքները տարվում են այս մասով եւ հենց այսօր Հայաստանում յուրաքանչյուր օր հայտնաբերվում են նոր հիվանդներ: Նրանք ընդգրկվում են բուժման դաշտի մեջ»:

Միայն անցած տարի Հայաստանում տուբերկուլյոզից մահացել է 100-ից ավելի մարդ: Բայց շատ բան կախված է նաեւ հիվանդներից, որոնք հաճախ հետեւողական չեն ու մինչեւ վերջ չեն տանում բավական թանկ ու երկարատեւ բուժումը:

Այսօր սկիզբ առած ծրագիրը փորձարարական բնույթ ունի եւ 4 տարի անց հաջողության դեպքում միայն կդառնա հիմնական: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Հայաստանի առաքելության ղեկավար Քրիստիան Ֆերիեյի պարզաբանմամբ, հատկապես տուբերկուլյոզը հայտնվեց նրանց ուշադրության կենտրոնում, քանի որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հատուկ ուշադրություն է հատկացնում այդ հիվանդությանը:

«Թույլ ռեսուրսներ ունեցող երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հնարավոր չէ բուժել դեղորայքակայուն հիվանդներին: Այդ պատճառով մենք որոշեցինք սկսել այս ծրագրի իրականացումը, քանի որ այլապես այդ մարդիկ դատապարտված կլինեին», - ասաց Քրիստիան Ֆերիեն:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG