Մատչելիության հղումներ

Ստորագրվեց Երեւանի եւ Մոսկվայի միջեւ 2005-2007 թվականների համագործակցության ծրագիրը


Ուրբաթ օրը Երեւանում քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքների միջեւ 2005-2007 թվականների համագործակցության ծրագիրը:

Ստորագրմանը հետեւած համատեղ մամուլի ասուլիսում Երվանդ Զախարյանը նշեց, որ ծրագիրը բավականին լայն է, ընդգրկում է քաղաքի տնտեսության ողջ համալիրը: Հիմնական աշխատանքները, այնդուհանդերձ, տարվելու են քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառներում:

Երեւանում ստեղծվել է Մոսկովյան ներդրումային ընկերություն, որին Հյուսիսային պողոտայում տարածք է հատկացվել: Այդտեղ այսօր ավելի ուշ Յուրի Լուժկովը տեղադրեց առաջին քարը: Բացի այդ, Երեւանում կառուցվելու է նաեւ «Մոսկովյան տուն»:

Յուրի Լուժկովի խոսքերով, Ռուսաստանի մայրաքաղաքը տնտեսական, հումանիտար համագործակցության շատ ծրագրեր ունի տարբեր երկրների մայրաքաղաքների հետ, սակայն այսօր ստորագրված ծրագիրը՝ կոնկրետ գործերի առումով, «ամենահզորներից մեկն է»:

Լուժկովը նաեւ տեղեկացրեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Մոսկվայում «Երեւան» առեւտրի կենտրոն, հյուրանոցային-գործածար կենտրոն, մեծածախ առեւտրի համալիր կառուցելու մասին:

Ինչպես Լուժկովը, այնպես էլ Երվանդ Զախարյանը հրաժարվեցին նշել այսօր ստորագրված համագործակցության ծրագրի կոնկրետ գումարը:

«Հարյուր միլիոն դոլարից ավելի, դա միանշանակ է», - այդուհանդերձ ասաց Մոսկվայի քաղաքապետը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG