Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Հայաստանում պետք է ստեղծել վստահություն ներշնչող այլընտրանք»


«Արդարություն» դաշիքնի առաջնորդներից ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել վստահություն ներշնչող այլընտրանք՝ «ալյընտրանքային Հայաստան»:

Մանուկյանը պարզաբանեց, թե նկատի ունի նախեւառաջ գաղափարներ, գաղափարների շուրջ մարդկանց համախմբում, ծրագրեր: Եթե դա չլինի, ըստ Մանուկյանի, ներկա իշխանությունը կվերարտադրվի:

Մանուկյանը ասաց, որ ներկայումս հանդիպումներ է ունենում տարբեր գործիչների հետ, բայց պատկերը դեւռեւս ձեւավորված չէ, եւ ինքը չի կարող առայժմ խոսել կոնկրետ անձերի եւ ծրագրերի մասին:

Հարցին, թե նախկինում դիրք եւ լայն ճանաչում ունեցող մարդիկ կարո՞ղ են ընդգրկվել այդ այլընտրանքային ծրագրում (նկատի էին առնվում նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ այլք), Մանուկյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Սամվել Բաբայան ես չեմ տեսնում,... Հիմա չեմ տեսնում այդպիսի բան: Բայց պետք է խոստովանեմ, որ վերջերս ես էլ եմ Ղարաբաղ գնում եւ հանդիպում եմ այն մարդկանց, որոնց հետ միասին մենք 88 թվին գնացել ենք: Երեւանում հանդիպում եմ այն մարդկանց, ովքեր 60-ական թվականներից պայքարել են»:

Մանուկյանի խոսքերով, ինքը հանդիպում է այն մարդկանց հետ, ում համար պաշտոնը չէ կարեւորը, այլ ովքեր լումա ունեն պետության կայացման, հաղթանակի հասնելու գործում:

«Այս դրանց մեջ ե’ւ Պարույր Հայրիկյանին կմտցնեի, ե'
ւ Աշոտ Մանուչարյանին, ե’ւ Ղարաբաղից բազմաթիվ մարդկանց», - ասաց Մանուկյանը: - «Ինձ համար այդ մարդկանց կարծիքը շատ կաեւոր նշանակություն ունի»:

Հանիդպման ժամանակ Մանուկյանը անդրադարձավ նաեւ «Հոկտեմբերի 27»-ից անջատված մասի կարճման անհրաժեշտության մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի որոշմանը: Նրա կարծիքով, դա «կոպիտ սխալ էր»:

«Դատավարության ժամանակ շատ բաներ մնացին բաց: Եվ ես կարծում եմ, որ այդ գործը պետք էր շարունակել: Չի կարելի այդպիսի գործում բաց թողած տեղեր ունենալ», - ասաց նա:

Իշխանական ուժերի ներկայացուցիչներից ոմանց արտահայտած կարծիքի վերաբերյալ, թե «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները «դրսից» էին, Մանուկյանը ասաց. - «Մի քիչ գյուղական խորամանկության կա դրա մեջ: Դա ձգտում է՝ համախմբել ժողովրդին ներկա իշխանությունների շուրջը: Ո’չ ավելին»:

Այնինքն՝ եթե կազմեկրպիչները դրսից էին, ապա մեր երկիրը «սրընթաց առաջ էր շարժվում» եւ ինչ-որ «չար ուժեր» խանգարեցին մեզ: Իսկ Մանուկյանի կարծիքով, մենք գնում էին «վատ ճանապարհով», որի սկիզբը 1995-ի ընտրությունների կեղծիքները դարձան. - «Ռոբերտ Քոչարյանը սկսեց այնտեղից, որտեղ վերջացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG