Մատչելիության հղումներ

Կա արդարացի դժգոհություն, եւ ժողովուրդը շոշափելի փոփոխություններ է ակնկալում


Այսօր ասուլիս էին հրավիրել ՀՅԴ կուսակցության ղեկավար անդամները: Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերով, ասուլիսի նպատակը հաշվետվությամբ հանդես գալն է, ինչը կոալիցիայի գործունեության սկզբունքներից մեկն է: Նաեւ դաշնակցակաները հետաքրքրված են
հասարակության արձագանքով՝ մինչեւ հոկտեմբերի վերջին անցկացվելիք ՀՅԴ Գերագույն ժողովը, որտեղ որոշվելու է դաշնակցության առաջիկա երկու տարվա անելիքները:

Իսկ Գերագույն ժողովում ամփոփվելու է մի ժամանակահատված, երբ ՀՅԴ-ն առաջին անգամ նոր կարգավիճակ է ունեցել՝ իշխանության մաս է կազմել:

Արմեն Ռուստամյանի խոսքերով, գլխավորն այն է, որ կոալիցիայի ձեւավորումը մեծապես նպաստել է երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, արտաքին հարաբերություններում երկրի դիրքերի ամրապնդմանը, նոր որակ է հաղորդել երկրի զարգացմանը՝ այն դարձնելով ծրագրավորված ու առավել կանխատեսելի:

Ելույթում հնչեցին նաեւ քննադատություններ: Արմեն Ռուստամյանն ասաց, թե իրենց խորին գնահատմամբ, հստակ արձանագրվեց, որ երկրում պահպանվում է որոշակի օբյեկտիվ դժգոհություն, որի հիմքում ոչ թե իքնանպատակ իշխանափոխությունն է, այլ ժողովուրդը շոշափելի փոփոխություններ է ակնկալում: Նրա խոսքերով, կոալիցիայի գլխավոր խնդիրը պետք է երկրի զարգացման ընթացքը արագացնելը, որպեսզի առկա արդարացի դժգոհության մակարդակը էապես նվազի: Երկրի զարգացման ճանապարհին դաշնակցությունը վտանգավոր դրսեւորումներ է տեսնում:

Ըստ Արմեն Ռուստամյանի, դեպի ժողովրդավարության եւ ազգային պետական նպատակներին տանող ճանապարհին առաջացել են վտանգավոր շեղումներ եւ ձեւախեղումներ, երկրում հաստատվում է փողի իշխանություն:

Հաջորդ մտահոգությունը ընտրություններն են. «Մենք չենք կարող, եւս մեկ անգամ վտանգի տակ դնել հետգա զարգացումն ու երկրի կայունությունը: 2007, 2008 թվականների ընտրությունները սարերի հետեւում չեն, եւ դրանք պետք է անցկացվեն ժողովրդավարական սկզբունքներով»:

«Կոռուպցիայի չափերն այն աստիճանի են, որ վտանգում են երկրի քաղաքական կայունությունը,- կարծում է Արմեն Ռուստամյանը,- դատական անկախ, ինքնուրույն համակարգ չկա, ինչի պատճառը արդարադատության խորհուրդի ձեւավորման մեջ է»:

Հիշեցնենք, որ այդ խորհուրդը հանրապետության նախագահն է ձեւավորում:

Բանախոսի գնահատմամբ, Հայաստանի օրենքները հիմա հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին, բայց չեն կիրառվում. «Մեր մենթալիտետն է դարձել օրենքներն իմանալ, դրանք լավագույնս շրջանցելու ձեւերը գտնելու համար,- ասաց նա,- հստակ տարաջատված չեն օրենսդիր, գործադիր, դատական իշախանությունների լիազորությունները: Տարածքային, իքնակառավարման խնդիրները տարանջատված չեն: Հստակ սահմանված չէ, թե ինչ չափանիշներով են գնահատվում նախարարների, ընդհանրապես տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, ձախողումները, պատասխանատվության հարցերը»:

Արմեն Ռուստամյանի քննադատական ելույթում հերթ հասավ նաեւ նախագահի նստավային: Ըստ նրա, ժամանակն է, որ նախագահի շրջապատում գնտվող պատասխանատու կադրերը, չպատսպարվեն նախագահի թիկունքում:

Սակայն ասուլիսի ժամանակ կոնկրետ անուններ չնշվեցին, միայն բանախոսը ավելացրեց, թե ոմանք այսօր պահպանում են իրենց դիրքերը միայն նախագահի հեղինակության շնորհիվ:

Իսկ ո՞վ է լուծելու համատարած դժգոհություններ առաջացնող այս խնդիրները, արդյոք ՀՅԴ-ն այնքան դժգոհ է, որ կարող է դուրս գալ կոալիցիայից: Նմանատիպ հարցերի պատասխաններից կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ն այսօրվա դրությամբ այդպիսի մտադրություններ չունի, եւ քննադատությունները կոնկրետ մարդկանց, կոնկրետ պաշտոնյայի չի հասցեագրվում:

Դաշնակցության բացատրությամբ, երկու անգամ էլ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել են մեկ գլխավոր պատճառով՝ 1998 թվականից երկրի քաղաքական ուղեգիծը փոխվեց դեպի ազգային նպատակներ, իսկ 2003-ին այդ ուղեգիծը հետ շրջելու, ռեւանշի վտանգ էին տեսնում ու նախագահին պաշտպանեցին, որպեսզի ուղեգիծը պահպանվի եւ անշրջելի դառնա: Իսկ դա թիվ մեկ խնդիրն է, համոզված է Արմեն Ռուստամյանը:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG