Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը պնդում է վստահության հանրաքվե անցկացնելու պահանջը


Ընդդիմադիր 9 կուսակցություններ միավորող «Արդարություն» դաշինքը ուրբաթ օրը անցկացրած համաժողովում մեկ անգամ եւս վերահաստատեց իր պահանջը` կատարել 2003 թվական ապրիլի 16-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված վտահության հանրաքվեի անցկացումը երաշխավորող օրենսդրական փոփոխությունները եւ անցկացնել նախագահ Քոչարյանի վստահության հանրաքվե:

Դաշինքի ակտիվիստների եւ մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ անցած համաժողովում տարածված հայտարարության մեջ «Արդարության» առաջնորդները պնդում են, որ այս, ինչպես նաեւ հայտարարության մեջ շարադրված մյուս պահանջների կատարման պարագայում է միայն հնարավոր «նվազեցնել ներքաղաքական առճակատումը, սկսել երկխոսություն»: Իսկ վստահության հանրաքվեն կհանգեցնի «նախագահական կեղծված ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը»:

Համաժողովում հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանություններին մեղադրող 37 կետից բաղկացած ցուցակ: Նշվում է, որ իշխանությունները չեն կարողացել բացահայտել 22 սպանություն, կեղծել են բոլոր մակարդակների ընտրությունների արդյունքները, փակել են 2 անկախ հեռուստաընկերություն եւ այլն:

«Ժողովուրդն ընդվզում է նաեւ ընդդեմ անօրինականության եւ անպատժելիության, համատարած աղքատության եւ սոցիալական բեւեռացման, ծաղկող կոռուպցիայի եւ կլանային համակարգի, անարդար սեփականաշնորհման եւ գործազրկության բարձր մակարդակի», - նշված է տարածված հայտարարություն մեջ:

Սկսված աշնանը, ինչպես ասվեց համաժողովում, «Արդարություն» դաշինքը անցկացնելու է համաժողովներ եւ խորհրդաժողովներ, որտեղ քննարկվելու է երկրի վիճակը: Հաշվի են առնելու բոլորի, մասնավորապես մտավորականության կարծիքը: Այսօրվա համաժողովին հատուկ ուղերձ էր հղել Սիլվա Կապուտիկյանը, ներկա էր եւ ելույթ ունեցավ Օհան Դուրյանը:

Համաժողովի մասնակիցները բուռն ծափահարություններով դիմավորեցին մի քանի օր առաջ ազատ արձակված Էդգար Առաքելյանին, ով ազատազրկվել էր ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար:

«Առաջին հերթին ես ուզում եմ տեղեկացնել ներկա անօրինական իշխանություններին, որ իրենց բոլոր ծրա•գերը ձախողվեցին», - իր ելույթում ասաց Առաքելյանը: - «Եթե նրանք այդ քայլով ուզում էին վախեցնել ինձ եւ ինձ նման հարյուր հազարավորներին, նրանց հույսերը ապարդյուն անցան, որովհետեւ մենք դարձանք ավելի զգոն եւ հաստատակամ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG