Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանից Իրաք ռազմական մասնագետներ ուղարկելու խնդիրը բավականին սուր բանավեճ է առաջ բերել, որ արտացոլվում է նաեւ այսօրվա թերթերում: «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Անվիճելի է, որ ռազմական ոլորտում աշխարհի թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ակնհայտ օգուտներ է խոստանում Հայաստանին, բայց իր հետ կարող է բերել նաեւ որոշակի վտանգներ: Հայաստանը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի հետ համագործակցության ասպարեզում մեր երկրից նկատելիորեն առաջ անցնելու եւ դրանով տարածաշրջանում լուրջ առավելություն ստանալու ուղղությամբ Ադրբեջանի կողմից գործադրվող ջանքերը: Իրաքում ծավալվող գործողություններին իր մասնակցությամբ մեր երկիրը կարող է ապահովել Ղարաբաղյան բանակցային գործընթացում ազդեցիկ դեր ունեցող Միացյալ Նահանգների դիրքորոշումների հստակ բալանսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Խիստ կարեւոր են նաեւ մեր ռազմական մասնագետների կողմից բարդ պայմաններում ձեռք բերվող այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք բնորոշ են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորամիավորումներին: Այս առավելություններից հրաժարվելու կամ հոժարակամ դրանք Ադրբեջանի մենաշնորհը դարձնելու պատրաստակամությունը մոտ ապագայում ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին: Դրա հետ մեկտեղ Հայաստանը կանգնում է մի շարք բարդ խնդիրների առջեւ», - մատնանշում է մեկնաբանը: - «Իրաքում ծավալվող ռազմական գործողությունները, ինչպես հայտնի է, հաճախ ընդունում են պատանդներ վերցնելու, նրանց մահապատժի ենթարկելու, դաժան ահաբեկչություններ կազմակերպելու տեսք: Իրաքում բնակվում են հայեր, որոնք թեպետ ներկայումս մեծամասամբ հեռացել են այդ երկրի հարավային շրջաններից, բայց մայրաքաղաք Բաղդադում մնացել են գրեթե անպաշտպան՝ օրեցօր ահագնացող ահաբեկչությունների հանդիման»: «Հայոց աշխարհ»-ում նաեւ երանգավորված է. - «Ինչպես հայտնի է, մեր մասնագետներին Իրաք ուղարկելու թույլտվություն կարող է տալ միայն Ազգային ժողովը: Հայրենի խորհրդարանականներին սպասվում է բարդ եւ դժվարին ընտրություն: Խնդիրը կարող է է՛լ ավելի սուր կերպարանք ձեռք բերել այն պարզ պատճառով, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մի մասը եւ առաջին հերթին ընդդիմությունը առաջիկա քննարկումները կարող են դարձնել ներքաղաքական շահարկումների առարկա՝ փորձելով շահաբաժիններ կորզել ստեղծված կացությունից»:

«Պատերազմից պատերազմ. հանուն ինչի՞», - հարց է դնում «Գոլոս Արմենիի» թերթը` արձանագրելով, որ հնագույն ժամանակներից ի վեր հայ ժողովուրդը, չլինելով հանդերձ միջազգային իրավունքի սուբյեկտ եւ ուղղակի կողմ, ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել մեծ պատերազմներում եւ անխնա շահագործել իր գենոֆոնդը` հույսով, թե որեւէ մեկը կգնահատի վերջապես նման նվիրվածությունը: Բայց մի՞թե պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցնում», - ակնարկում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Հայկական ժամանակ» թերթն այսօր ուշադրություն է հրավիրում ռուսաստանյան մամուլի հրապարակումներին, ուր հարց է հնչեցվում. - «Արդյո՞ք Իրաք հայկական զորախումբ ուղարկելու որոշումը համաձայնեցված է Ռուսաստանի իշխանությունների հետ»: «Այսինքն», - բխեցնում է մեկնաբանը, - «որ Հայաստանը իր ցանկացած քայլը պետք է համաձայնեցնի Ռուսաստանի հետ՝ արդեն իսկ բացահայտորեն համարվում է ինքնին հասկանալի իրողություն: Ռուսաստանի ցավագին ռեակցիան արդեն թույլ չի տալիս, որ մենք արձանագրենք կոմպլեմենտարիզմի հաղթանակը, որովհետեւ կոմպլեմենտարիզմը ենթադրում է, որ կողմերից մեկի հետ Հայաստանի մերձեցումը հակառակ կողմը պետք է հանգիստ տանի, ինչը տվյալ դեպքում չկա»: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Խաչատուրովի հայտարարություններին անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ում ընդգծվում է. - «Առավել հետաքրքիրն այն է, որ Հայոց բանակի գեներալը փաստորեն քննադատում է իր գերագույն գլխավոր հրամանատարի կայացրած որոշումը: Ինչի՞ հետ է սա կապված. երեւի թե այն բանի, որ Խաչատուրովը վստահ է, որ ռուսական գենշտաբի կարծիքը շատ ավելի անցողիկ կարող է լինել Հայոց բանակում, քան՝ ոչ լեգիտիմ գերագույն գլխավոր հրամանատարինը», - ձեւակերպվում է «Հայկական ժամանակ»-ում: - «Չի բացառվում, որ նկարագրվածի ֆոնին Ռուսաստանը կշտապի սեփական գիրկը վերադարձնել հայաստանյան ընդդիմությանը, ու քաղաքական թեժ գարունը կսկսվի մոսկովյան հրահանգով: Այն, իհարկե, կտեւի այնքան՝ մինչեւ Քոչարյանը կարողանա Պուտինին համոզել, որ այս հարցում իրեն սխալ են հասկացել»:

Օրերս Ռոբերտ Քոչարյանի եւ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ «Արմենիա» հեռուստաընկերությունը մեծամեծ հռչակեց «սուպեր-սիստեմ» համակարգի գործարկումը: «Առավոտ» թերթի մեկնաբանն այսօր պնդում է, որ այն «իրականացնում է ապօրինի հեռարձակում եւ պետք է դադարեցվի»: Որպես հիմնավորում «Առավոտ»-ում բերված է եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորման եւ մեթոդական վարչության պետ Իշխան Վարդանյանի հետեւյալ խոսքը. - «Հանձնաժողովը այս պահին որեւէ հաճախային ազատ տիրույթի չի տիրապետում՝ գիգահերցային շերտում հեռարձակում արտոնելու համար: Եվ այդ տիրույթում որեւէ հաճախություն ընդհանրապե՛ս չենք տրամադրել որեւէ ընկերության: Ընկերությունը, որն անընդհատ գովազդվում է՝ անծանոթ է մեզ եւ չունի արտոնագիր: Հանձնաժողովը պատկան մարմիններին արդեն տեղեկացրել է ապօրինի հեռարձակումը դադարեցնելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին»:

Այն, որ Ազգային անվտանգության մարմինները կաշառք ստանալու պահին` սեպտեմբերի 7-ին, ձերբակալվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի տարածաշրջանը սպասարկող առաջին ատյանի դատավոր Համլետ Մաթեւոսյանին եւ ՀՀ զինդատախազության Գուգարքի կայազորի դատախազի օգնական Գառնիկ Չախմախչյանին, «Հայոց աշխարհ» թերթը որակում է կաշառակերության դեմ ամորֆ-անանուն պայքարի ավանդույթների խախտում: «Մի բան է, երբ վերացական խոսվում է դատական համակարգի կոռումպացվածության մասին, բոլորովին այլ բան է կոնկրետ կաշառք վերցնելու պահին, ինչպես ասվում է՝ իրեղեն ապացույցը ձեռքում, դատավոր բռնելը, դատախազի օգնականն էլ վերադիր», - խանդավառվել է մեկնաբանը` հույսով, որ «մերկացված կաշառակեր դատավորների, ու ոչ միայն դատավորների, ցանկը այդքանով չի սահմանափակվի»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG