Մատչելիության հղումներ

Հայաստանում Գերմանիայի դեսպանը հերքում է թուրքական լրագրի հրապարակումը


Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչը երեքշաբթի օրը հերքեց թուրքական «Դյունդեն Բուգյուե Թերջուման» թերթի օգոստոսի 25-ին հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիայում Գերմանիայի դեսպան Վոլֆ Ռութհարդ Բոռնը Կարսում ասել է, որ լսել է, իբր, ըստ Հայաստանի Սահմանադրության, Կարսն ու դրա շրջակայքը հայկական պետության մաս են կազմում:

«Դեսպան Բոռնը չի ասել այդպիսի բառեր այն կոնտեսքստով, որով թուրքական մամուլն է ներկայացրել», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց դեսպան Փայչը: - «Թուրքական մամուլը ամբողջապես սխալ է փոխանցել նրա ասածը, եւ դեսպան Բոռնը ուղղում է պահանջել»:

Հայկե Ռենատե Փայչը ավելացրեց, որ շատ լավ է ճանաչում Անկարայում Գերմանիայի դեսպանին եւ վստահ է, որ Բոռնը նման բան չէր կարող ասել:

Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներին վերաբերող հարցին Փայչը պատասխանեց, թե Բեռլինը ներկայումս Եվրամիության շրջանակներում ակտիվ քննարկումների մեջ է այդ երկրի անդամակցության վերաբերյալ, ինչը «շատ երկարատեւ գործընթաց է խոստանում լինել»:

Գերմանիայի նորանշանակ դեսպանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո: Փայչի խոսքերով, հանդիպման ընթացքում երկուստեք «գերազանց» բնորոշելով հայ-գերմանական հարաբերությունների ներկան, արձանագրել են, որ ապագայում ակտիվացնելու են դրանք:


Արմեն Զաքարյան

(Լուսանկարում` Թուրքիայում Գերմանիայի արտակարգ եւ լիաոր դեսպան Վոլֆ Ռութհարդ Բոռնը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG