Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը կրկին կոչ է անում ընդդիմությանը վերադառնալ խորհրդարան


Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է անցկացրել ընդդիմության ներկայացուցիչների հետ, ուրբաթ օրը կրկին կոչ արեց ընդդիմությանը դադարեցնել բոյկոտը, քանի որ առաջացել է «նոր քաղաքական իրադրություն»:

«Շատ պատշաճ ձեւով կարող է [ընդդիմությունը] վերադառնալ խորհրդարան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Գալուստ Սահակյանը: - «Առաջիկայում կարող են մեր պետության կարող են վտանգավոր խնդիրներ լինել եւ համատեղ լուծումների անհրաժեշտություն կա»:

Սահակյանի խոսքերով, այդ վտանգները վերաբերում են «ակնհայտորեն զգալի դարձող ազդեցություններին: «Գերտերություններից շատերը կարծես թե բանավիճում են Հայաստանի հետագա կարգավիճակի վերաբերյալ, ինչպես դա պատահեց Ադրբեջանում եւ Վրաստանում», - պարզաբանեց նա:

Խոսելով ընդդիմադիրների հետ իր հանդիպումների տպավորությունների մասին, Սահակյանը ասաց. - «Ընդդիմությունը որպես միասնական կառույց` այսօր բոլորն են տեսնում, որ չկա այդպիսի կառույց: Կարծում եմ, կգտնվեն քաղաքական գործիչներ, իսկ դրանք հիմնականում այն գործիչներն են, որոնք մեր ժամանակների նաեւ տերերն են, ի սկզբանե մասնակցել են ամբողջ պրոցեսներին եւ այդքանով պատասխանատվություն են կրում... Ընդդիմության շարքերում բավականին նման գործիչներ կան»:

Հարցին, թե կոնկրետ ովքեր են այդ գործիչները, որ պատրաստ կլինեն հանուն պետության վերադառնալ խորհրդարան, Սահակյանը պատասխանեց. - «Չի կարելի քաղաքական գործիչներին տեսակավորել եւ խանդի պրոցեսներ առաջացնել: Այն, ինչի մասին խոսում եմ, կա բոլոր ընդդիմադիր գործիչների մեջ»:

Հարցին էլ, թե, այդուհանդերձ, եթե ընդդիմությունը չվերադառնա խորհրդարան, կդրվի՞ արդյոք նրանց պատգամավորական մանդատներից զրկելու հարցը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը արձագանքեց. - «Կարծում եմ, որ եթե չգան, աշխարհը չի քանդվելու. ե'ւ մեզ, ե'ւ իրենց համար փոխարինողներ շատ կգտնվեն»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG