Մատչելիության հղումներ

Վճռաբեկ ատյանը նույնպես անփոփոխ թողեց Էդգար Առաքելյանի դատավճիռը


Ուրբաթ օրը Հայաստանում դատական գերագույն ատյանը` Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց Էդգար Առաքելյանի նկատմամբ առաջին եւ վերաքննիչ ատյանների վճիռը` 18-ամսյա ազատազրկումը, ինչին Լուսակերտի 24-ամյա բնակիչը դատապարտվել էր ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանի գլխին դատարկ պլատիկե շշով հարվածելու համար:

Դատապաշտպան Թադեւոս Ալեքսանյանի խոսքերով, Առաքելյանը ամենայն հավանականությամբ կորոշի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Պաշտպանյալը ինքը պետք է որոշի», - դատական նիստից հետո լրագրողներին ասաց Ալեքսանյանը: - «Իմ հետ ունեցած զրույցներում նա միշտ ասել է, որ պայքարելու է մինչեւ վերջ: Բնական է, դա արդեն Եվրոդատարանն է»:

Թադեւոս Ալեքսանյանը ընդամենը կես ժամ տեւած դատական նիստը գրեթե ամբողջությամբ անցկացրեց ոտքի վրա` պատասխանելով Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի անդամների հարցերին, ովքեր փորձում էին պարզել, թե ինչո՞ւ է դատապաշտպանը ներկայացված բողոքում շրջանցել Էդգարի կատարած հանցանքի եւ կայացված վճռի ծանրության անհամարժեքության հարցը:

«Այդ լիազորությունները ես չունեի այս պահին», - շատերի համար անսպասելիորեն պատասխանեց Ալեքսանյանը: - «Եթե դատավճիռը օրինական ուժ ստանար եւ նման միջնորդությամբ հանդես գար արտոնագիր ունեցող ադվոկատը ամիսներ հետո, նա կարող էր այդ բոլոր հարցերին անդրադառնալ: Գործով մասնակցող պաշտպանի լիազորությունները` վճռաբեկ բողոք բերելու սահմանափակ է` եթե պրոցեսում տեղի է ունեցել Քրեադատավարական օրենսդրության կոպիտ խախտում»:

Ինչպիսին, ըստ նրա, տեղ է գտել, երբ Վերաքննիչ դատարանում Էդգար Առաքելյանին թույլ չտվեցին ավարտին հասցնել ցուցմունքը ոստիկանների կողմից Բաղրամյան պողոտայում իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Վճռաբեկ ատյանի դատավորները, սակայն, հակադարձեցին, թե դատական նիստի արձանագրության մեջ նշված չէ, թե էդգար Առաելյանին թույլ չեն տվել ցուցմունք տալ:

«Ցուցմուքներն այստեղ կան, դուք արձանագրությունը կարդացե՞լ եք», - Ալեքսանյանին դիմեց դատարանի անդամներից մեկը: Թադեւոս Ալեքսանյանը արձագանքեց, թե վստահում է դատարանին եւ արձանագրությունը չի ընթերցել, ինչից հետո դատարանը կարծես փակված համարեց պրոցեսուալ խախտումների թեման:

Իսկ երբ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը ասաց, թե դատարանը իրավունք ունի քննարկել միայն այն խնդիրները, որոնք արծարծված են բողոքում, դա հնչեց որպես շատ թափանցիկ ակնարկ, թե դատարանը չի պատրաստվում անդրադառնալ պատժաչափին:

Դատարանում ներկա միակ ընդդիմադիր պատգամավոր, ՀԺԿ ղեկավար անդամ Վարդան Մկրտչյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց, թե գործող դատական համակարգի պայմաններում իրենք այլ սպասելիքներ չունեին:

«Ցավալին այն է, որ այդքան դատավորների մեջ չեղավ մեկը, որ տրամաբանորեն եւ ճիշտ նայեր հարցին, որտեղ, ըստ մեզ, որեւիցե հանցակազմ գոյություն չունի», - ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG