Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հարցազրույցը «Առավոտ»-ը վերնագրել է նրա իսկ բառերով` «Ղարաբաղի հարցին ձեռք տալն անիմաստ է»: «Երբ մի բան դժվարությամբ ինչ-որ հավասարակշռության վիճակի ես բերում, ամեն փոփոխություն կարող է վտանգավոր լինել… Այս վիճակը, որը մի քիչ կայունացած է, պետք է պահպանվի։ Ցանկացած չմտածված փոփոխություն կարող է բերել նոր չարիքների», - պարզաբանում է Վազգեն Մանուկյանը` ավելի ընդլայնված ներկայացնելով անկայուն տարածաշրջանի խնդիրները Չեչնիայից մինչեւ Իսրայել. - «Այս անկայուն վիճակում ցանկացած նոր լուծում բերելու է անկայունության։ Մինչեւ ամբողջ տարածաշրջանում չնախագծվի ընդհանուր պատկեր, կարծում եմ, Ղարաբաղի հարցին ձեռք տալն անիմաստ է»։

Իշխանամետ «Հայոց աշխարհ»-ը քննադատական մեկնաբանություններով է ներկայացնում դոլարի արժեզրկման շուրջ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի` երեկվա ասուլիսում տված պարզաբանումները. - «Դրամ - արտարժույթներ փոխարժեքի տատանումները տնտեսագիտորեն հիմնավորելու եւ դրանց արհեստական լինելը հերքելու ուղղությամբ Կենտրոնական բանկի նախագահի երեկվա բոլոր ջանքերը ջուրը լցվեցին, երբ ինքն էլ խոստովանեց, որ փոխարժեքի տատանումը կարճաժամկետ է», - եզրակացնում է «Հայոց աշխարհ»-ը: Ըստ թերթի, Կենտրոնական բանկը կարող էր եւ պարտավոր էր միջամտել փոխարժեքի ոչ թե արհեստական փոփոխության, այլ այն բնականոն, նորմալ վիճակի վերադարձնելու համար: Եթե Կենտրոնական բանկը միջամտեր, ապա որեւէ պատճառ չէր լինի, որպեսզի ապրանքներ ներկրողները, ինչպես նաեւ մանրածախ ցանցում առեւտրային գործունեություն իրականացնողները իրենց ապրանքների գները բարձրացնեին»: Մեկնաբանը, համաձայնելով Տիգրան Սարգսյանի պարզաբանմանը, թե արտարժութային ներհոսքի ավելացումը դրամի փոխարժեքը պետք է բարձրացներ, միաժամանակ նշում է. - «Միեւնույն է, դա չէր կարող լինել այդչափ կտրուկ… Արտերկրից մեր որոշ հայրենակիցներին ուղարկված արտարժույթները միանգամից կտրվեցի՞ն, որ դոլարի փոխարժեքը մի քանի օրում բարձրացավ»: Մեկնաբանը հեգնում է խնայողությունները դրամով պահելու` Տիգրան Սարգսյանի առաջարկի առիթով. - «Հետաքրքիր է, իսկ ո՞վ է պատասխան տալու, եթե մարդիկ հետեւեն Կենտրոնական բանկի նախագահի այս խորհրդին եւ հետո լուրջ վնասներ կրեն: Ախր Տիգրան Սարգսյանի կանխատեսումները իրենց ճշգրտությամբ համեմատելի են թերեւս միայն հայրենի օդերեւութաբանների կանխատեսումների հետ»:

Նշանակովի քաղաքապետի կողմնակից Երվանդ Զախարյանին «Հայաստանի Հանրապետություն» թերթի թղթակիցը հարցրել է. - «Ի՞նչ շահերով եք առաջնորդվում այդ տեսակետը պաշտպանելիս»: «Միայն Հայաստանը եւ հայերին լավ ճանաչելով», - պատասխանել է Երեւանի քաղաքապետը: Ըստ նրա, ընտրովի քաղաքապետ ունենալը մեծ բարդություններ կստեղծի առաջին հերթին հանրապետության վարչապետի համար: «Նման քաղաքապետը մի քիչ էլ եթե ամբիցիաներով մարդ լինի, ընդհանրապես անկառավարելի կարող է դառնալ: Երեւանից շատ մեծ նշանակություն ունեցող մայրաքաղաքով պետություններ շատ քիչ կան. դա որոշակի իրավիճակներում իր մեջ քաղաք-պետության կարող է վերածվել` փորձության ենթարկելով պետության կայունությունը», - իր տեսակետը հիմնավորում-արժեվորում է Երվանդ Զախարյանը:

«Նորելուկ մեծահարուստների ու նրանց ընտանիքների անդամների անվայելուչ պահվածքը հասարակական վայրերում, նրանց սանձարձակ երթեւեկությունը «ջիպերով» ու «մերսեդեսներով», անօրինական շինարարության համար քաղաքի վերջին կանաչ տարածքների զավթումն ու ոչնչացումը, հաճախ էլ բնակելի տների ճանապարհները կամ մարդկանց արեւի լույսը փակող դղյակների կառուցումը առաջ են բերում քաղաքացիների մի զգալի մասի անզուսպ դժգոհությունը պետության, իշխանության եւ անգամ հայրենիքի հանդեպ», - գրում է «Հայոց աշխարհ»-ը` ընդգծելով, որ անհարգալից, հաճախ էլ ուղղակի հակաօրինական պահվածքը կենցաղային ոլորտից տեղափոխվել է քաղաքական հարթություն: «Նորելուկ մեծահարուստների մեջ սկսում է արմատավորվել օրենքի իշխանությանը փոխարինող փողի իշխանության գաղափարը… Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանը շուտով կարող է կերպափոխվել մեծահարուստների մի սաունա-սրճարանա-կազինոյական զվարճատան, որի մնացած բնակիչները կվերածվեն լուռ ու մունջ սպասավորների կամ էլ կհեռանան երկրից: Էլ չենք խոսում այն մասին, որ կենցաղային հողի վրա կուտակվող դժգոհությունը կարող է լուրջ ազդեցություն գործել ներքաղաքական կայունության վրա», - խորացնում է մեկնաբանը, ում կարծիքով ստեղծվում է մի կացություն, երբ պետությունը, մանավանց նրա իրավապահ մարմինները պետք է «լրջորեն մտածեն նման տգեղ երեւույթի հետագա ծավալումը արագորեն եւ արդյունավետ կերպով սահմանափակելու մասին»:

«Հուսադրող օրինակ» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականը գրում է. - «Ռոյալ Արմենիան», թերեւս, միակ հայտնի հայրենական արտադրողն է, որը հանդգնեց գնալ վա-բանկ՝ մաքսային եւ պետական այլ ծառայություններին փաստորեն մեղադրելով կոռուպցիայի մեջ: Ափսոս միայն, որ մեր բոլոր հայրենական արտադրողներն այսչափ ուժեղ եւ ինքնավստահ չեն, որ իրենց թույլ տան դեմ առ դեմ դուրս գալ պետական կոռումպացված չինովնիկական մեքենայի դեմ: Նրանց մեծ մասը, ցավոք, համաձայն է կաշառել մաքսավորներին, հարկային մարմիններին եւ այլոց, միայն թե իրենց հանգիստ թողնեն եւ չխոչընդոտեն իրենց տնտեսական գործունեությանը: Այսպես էլ կերակրվում է մեր հայրենական կոռուպցիոները», - պատկերում է թերթը` նշելով, որ պետության ղեկավարներին ուղղված ընկերության բողոքներին դեռեւս ոչ մեկը չի արձագանքել: - «Հավանական է, որ լռության պատճառն ամառային արձակուրդներն են: Թե չէ պաշտոնյաների լռությունը կարող է նշանակել, որ նրանք հովանավորում են կաշառակերներին, հետեւաբար իրենք էլ են կոռուպցիայի մեջ թաղված… Սպասենք: Քանի որ ահա այստեղ կերեւա, թե որքան անկեղծ են մեր իշխանավորների մղումները՝ պայքարել կոռուպցիայի դեմ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG