Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից իր հեռանալը նույնանուն թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը այսօր բացատրում է այսպես. - «Հեռուստաընկերությունը ղեկավարելու ընթացքում ինձ վրա ոչ ոք քաղաքական ճնշում չէր գործադրում, գրաքննություն չէր հաստատում, լրատվության կամ հաղորդումների բովանդակությունից ոչ ոք չէր դժգոհում: Ինձ ոչ ոք չի հեռացրել աշխատանքից: Հակառակը՝ խնդրում են, որ մնամ: Բայց ես չեմ մնա, որովհետեւ ե՛ս եմ դժգոհ բաժնետերերի՝ իրենց սեփականության հանդեպ անլուրջ վերաբերմունքից»: «Քանի դեռ մեր ձեռնարկություններից շատերը աշխատում են առանց բիզնես-պլանի, քանի դեռ ծախսերն ու եկամուտները հաշվառվում են ընդհանուր տետրի մեջ, քանի դեռ մեր մենեջմենթը գտնվում է «գեղի դուքյանի» մակարդակի վրա՝ մենք ժամանակակից եվրոպական երկիր չենք դառնա», - ընդհանրացնում է Արամ Աբրահամյանը:

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի` վերջին շաբաթներին իշխանական վերնախավում փոփոխությունների լուրջ սպասումներ կան. բոլորը խոսում են օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին իշխանական բուրգում սպասվող ռադիկալ փոփոխությունների մասին: Այդ իսկ պատճառով, թերթի տեղեկություններով, մասնավորապես ՀՅԴ-ն «հրահանգել է իր առանցքային գործիչներին՝ այս ամառ հրաժարվել հեռավոր արձակուրդից»: «Էլի գումարելիների տեղերը փոխելու են» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ում այսօր նախանշվում է, թե առաջիկա օրերին ինչ կադրային տեղաշարժեր են տեղի ունենալու Հայաստանի դատախազական համակարգում. - «Դրանցից ամենաէականն այն է, որ գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանը թողնելու է իր պաշտոնը` թոշակի անցնելու կապակցությամբ: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու ամենահավանական հավակնորդ է համարվում Կոտայքի մարզի դատախազ Մնացական Սարգսյանը»:

Ինչպես հատուկ շեշտադրվում է այսօր մի քանի թերթերում, նախագահ Քոչարյանի անձնական միջամտության շնորհիվ երեկ հաջողվեց դադարեցնել շինարարական աշխատանքները Երեւանի կենտրոնի արդեն ավերված մի տարածքում: Մամուլում արդեն կան եւ քաղաքապետարանի պաշտոնյաների խրոխտ հայտարարություններ, թե այդ հարցերում վճռական են լինելու: Բայց, ինչպես մատնանշում է «Հայոց աշխարհ» թերթը` քաղաքային ու համայնքային իշխանությունները արձագանքեցին միայն երկրի ղեկավարի միջամտությունից հետո: «Փոխարենը առնվազն տարօրինակ է, որ Երեւանի քաղաքապետարանը երկրորդ օրն է, ինչ այդպես էլ չի կարողանում պատասխանել այն հարցին, թե տվյալ տարածքը ժամանակին ո՞ւմ է հատկացվել եւ ի՞նչ նպատակով… Ի վերջո ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի պատճառած վնասի համար», - հարցնում է «Հայոց աշխարհ»-ը: Ի դեպ, այս շաբաթ, ինչպես այս պատմության հետ կապված, այնպես էլ արտաշատյան ինչ-ինչ չարաշահումների, շրջանառվում էր տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի անունը, եւ դա «Իրավունք»-ի մեկնաբանին մղել է ենթադրելու. - «Հավանաբար նախագահի նստավայրում մտածում են ժողովրդականություն չվայելող նախարարների` այդ թվում Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության եւ դրանով Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունը բարձրացնելու մասին»:

Զրուցելով «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» պատգամավորների հետ, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը տպավորություն է ստացել, որ բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության, որը հայտարարում է, թե ոչ մի պարագայում ոտք չի դնի ոչ լեգիտիմ ԱԺ՝ ընդդիմության մնացած ճյուղերը դեմ չէին լինի վերադարձին, եթե հնարավոր լիներ գտնել իրենց վերադարձը հիմնավորող այնպիսի ձեւակերպում, որ չստացվի, թե իրենց թքածը լիզել են, եւ որը նաեւ հասարակության կողմից ընկալելի կլինի»: Միեւնույն ժամանակ, ինչպես փոխանցում է լրագրողը, «Արդարություն» դաշինքում «գրեթե վստահ են, որ իշխանությունները չեն դիմի իրենց մանդատից զրկելու միջոցին, քանզի դրա հետեւանքները շատ ավելի վտանգավոր կարող են լինել հենց իշխանության համար: Ուստիեւ՝ կոալիցիան ստիպված կլինի ընդունել իրենց պայմանները: Եթե՝ ոչ, ապա «Արդարություն» դաշինքում ասում են, որ իրենք հարթակում էլ վատ չեն զգում»:

«Ովքե՞ր են Հայաստանում ամենից հարուստները». «Ազգ» թերթի կազմակերպած հարցման համաձայն, իշխանություններին եւ նրանց ղեկավարած չինովնիկներին ամենահարուստը համարողների ընդհանուր ձայները մոտ 58 տոկոս են կազմում: Հաջորդ տեղում է «անազնիվ մարդիկ» պատասխանը (21 տոկոս), ինչը հիմնականում դարձյալ կապվում է իշխանությունների եւ պաշտոնյաների հետ: Միմյանց շատ մոտ են «պատգամավորները», «գործարարները» եւ «օլիգարխները», որոնցից առաջին երկուսին ամենահարուստ է համարել հարցվողների 10,9 տոկոսը, երրորդին՝ 9 տոկոսը: «Միանշանակ է, որ անկախության 13 տարիների ընթացքում Հայաստանում ամենահարուստը եղել են իշխանության ղեկին գտնվող մարդիկ եւ, անկախ նրանց փոփոխությունից, իրենց աթոռներից կառչած մնացող պաշտոնյաները», - ի մի է բերվում «Ազգ»-ում: - «Եթե որեւէ զարգացած երկրում այս կամ այն իշխանավորը ամենահարուստ մարդկանց թվում է հայտնվում, ապա անմիջապես կասկածներ են առաջանում այդ հարստության կուտակման վերաբերյալ: Նման կասկածներ մեզանում չեն առաջանում, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ ջիպով երթեւեկող եւ Իսպանիայում իր հանգիստն անցկացնող նախարարը չի կարող այդպես ապրել առանց ապօրինի ճանապարհով հարստանալու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG