Մատչելիության հղումներ

«Համաձայնությունների կայացման եւ կարգավորման պատասխանատուն հակամարտող կողմերն են»


Տարածաշրջանային այցի երկրորդ փուլից` Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո, Երեւանում չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները կրկին հայտարարեցին, որ իրենք նոր առաջարկներ չեն բերելու. համաձայնությունների կայացման եւ կարգավորման պատասխանատուն հակամարտող կողմերն են:

Ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահողներ Սթեվեն Մաննը, Վլադիմիր Պրյախինը եւ Անրի Ժակոլենը շեշտեցին, որ համաձայնություններ պետք է ձեռք բերեն կողմերը: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի` բանակցություններին մասնակցելու հնարավորությանը, ապա համանախագահողների դիվանագիտական ձեւակերպումներից կարելի է եզրակացնել, որ դա նույնպես հակամարտող կողմերի համաձայնության խնդիրն է:

Ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենին ակնհայտորեն դուր չեկավ ասուլիսի ընթացում հնչած հարցը, թե ԵԱՀԿ-ն եւ Միսնկի խումբը գուցե սպառե՞լ են իրենց հնարավորությունները հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում:

«Ո՞վ է իրեն սպառել` ԵԱՀԿ-ն թե՞ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք չեն կամենում օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունից», - ասաց Ժակոլենը` շարունակելով. -«Սա լավ ֆորմատ է, չնայած քննադատության է ենթարկվում: Ի դեպ, Հայաստանի նախագահը նույնպես լիովին ընդունելի է համարում Միսնկի խմբի ֆորմատը»:

Ասուլիսի ընթացքում հարց հնչեց, թե արդյո՞ք այն փաստը, որ բանակցությունների ֆորմատը, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի միջեւ գրեթե երկու տասնյակ հանդիպումներից հետո, իր տեղը զիջում է արտգործնախարարների հանդիպումների ձեւաչափին, նշանակում է, որ կարգավորման գործընթացի մակարդակն է իջնում, եւ դա պայմանավորված է գործնական պայմանավորվածությունների բացակայությամբ:

«Ոչ: Պրահայի գործընթացը` արտգործնախարարների ու համանախագահների հանդիպումներով, չի նշանակում, որ նախագահները կորցրել են հետաքրքրությունը կարգավորման գործընթացի նկատմամբ», - ասաց Յուրի Մերզլյակովը: - «Նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, որ տեղի ունեցավ Վարշավայում, թույլ տվեց, որպեսզի ծայր առնի խորհրդակցությունների Պրահայի գործընթացը: Նախագահների` սովորոբար 2 ժամ տեւող հանդիպումներում հնարավոր չէ խնդիրները քննության առնել անհրաժեշտ մանրամասնությամբ»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահաների հաջորդ` երրորդ հանդիպումը, Յուրի Մերզլյակովի փոխանցմամբ, կարող է տեղի ունենալ գալիք սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի օրերին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG