Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննարկելու է ստորագրահավաքի հարցը


«Արդարություն» դաշինքը ամռան ընթացքում իրականացվելիք ծրագրերը հստակեցնելու է գալիք չորեքշաբթի՝ դաշինքի խորհրդի նիստում: Քննարկվելու է նաեւ նախագահ Քոչարյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք անցկացնելու հարցը:

«Կլինեն դահլիճային հանդիպումներ, այցելություններ մարզեր, հանդիպումներ հասարակության տարբեր խավերի՝ մասնավորապես մտավորականության, երիտասարդության հետ», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Վիկտոր Դալլաքյանը՝ հարցին էլ, թե համոզվա՞ծ են, որ նման հանդիպումներով կարելի է հասնել իշխանափոխության, պատասխանելով. - «Իշխանափոխության կարելի է հասնել պայքարի տարբեր ձեւերի զուգակցմամբ»:

Նախագահ Քոչարյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի հարցը, Դալլաքյանի փոխանցմամբ, առայժմ միայն քննարկումների մակարդակում է:

«Տարբեր մարզերից, ինչպես նաեւ Երեւան քաղաքից ստացվում են բազմաթիվ առաջարկություններ բնակչության կողմից ստորագրահավաք սկսելու վերաբերյալ, եւ դաշինքի այս նիստում մենք որոշում կընդունենք կոնկրետ ստորագրահավաքի կազմակերպման հետ կապված», - ավելացրեց ընդդիմադիր գործիչը:

Դիտարկմանը, թե Հայաստանի Սահմանադրությամբ նման ստորագրահավաք նախատեսված չէ, եւ որքան էլ շատ ստորագրություն հավաքվի, դա չի կարող հիմք դառնալ իշխանափոխության համար, Դալլաքյանը պատասխանեց. - «Տվյալ պարագայում մենք կարեւորում ենք խնդրի բարոյական եւ քաղաքական կողմը: Այսինքն՝ չնայած դա իրավական հետեւանքներ չի ունենում, բայց, եթե, ենթադրենք, հավաքվի երկու միլիոն ստորագրություն, դա անուղղակիորեն կվկայի, որ գործող իշխանությունները ժողովրդի կողմից որեւէ վստահություն չեն վայելում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG