Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանը Գեղամյանի դեմ հայցով դիմել է դատարան


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, անցած տարվա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի դեմ գործ հարուցելու հայցով երեկ դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:

Ինչպես երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Կարապետյանը, հայցադիմումում ինքը նշել, որ Արտաշես Գեղամյանը եւ Ալեքսան Կարապետյանը իր հասցեին «զրպարտական լուրեր են տարածել՝ վիրավորելով իր արժանապատվությունը եւ քաղաքական գործչի բարի համբավը»:

Մայիսի 15-ին «Ազգ» օրաթերթում տպագրված մի վերլուծականում նշվում էր, թե «Գեղամյանը Մատենադարանին հարող տարածքում մայիսի 14-ին կայացած հանրահավաքի ընթացում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարպետյանին անվանել է գործակալ եւ իշխանությունների դրածո»:

«Ասվածը բամբասանք է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արամ Կարապետյանը: - «Պարոն Գեղամյանը, ես կարծում էի, որ տարիքով լինելով, մեծ փորձ պիտի ունենա: Ցավոք սրտի, պարզվեց, որ փորձը ավելի շատ խորհրդային ժամանակվա ապարատային ինտրիգների փորձ է»:

Կարապետյանը ունի իր բացատրությունը, թե ինչու է «Ազգային միաբանության» առաջնորդը նման հայտարարություններ անում:

«Գեղամյանը ընդդիմության պայքարը վերածել է իր անձնական խնդիրները լուծելու պայքարի», - ասաց նա: - «Ես այստեղ երեւի կյանքումս առաջին անգամ այդ հարցերում համաձայն եմ նախագահի [Ռոբերտ Քոչարյանի] հետ՝ [Գեղամյանը] «համայն հայոց ընդդիմադիրի» կարգավիճակը վերցրել է իր վրա, եւ փորձում է այդ ճանապարհով ցույց տալ ե'ւ դրսում, ե'ւ ներսում, թե ինքը ալտերնատիվն է Ռոբերտ Քոչարյանի»:

Հայցը ներկայացված է դատարան, եւ Արտաշես Գեղամյանի կողմից փաստեր չներկայացնելու դեպքում Արամ Կարապետյանը պահանջելու է, որպեսզի Գեղամյանը հրապարակավ հերքի այդ հայտարարությունը եւ հրապարակավ ներողություն խնդրի իրենից:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքերով, ներկայացնելով նշված հայցադիմումը, Արամ Կարապետյանը «ինքնաբացահայտվեց»՝ ցույց տալով, որ գործում է միայն ու միայն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով:

«Պատահական չէ, որ նա դատի է տալիս Արտաշես Գեղամյանին, Ալեքսան Կարապետյանին՝ հաստատ իմանալով, որ մեր դատարանները այսօր գործում են միայն եւ միայն հիշատակածս Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թելադրանքով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ազգային միաբանության» առաջնորդը: - «Ուստի մեր գործը հեշտացրեց պարոն Կարապետյանը՝ վերջնականապես ինքնաբացահայտվեց»:

Հարցին, թե այդ պարագայում ինքը մտավախություն չունի՞, թե դատարանը իր դեմ որոշում կկայացնի, Գեղամյանի արձագանքեց. - «Անհամբեր սպասում եմ, որ այդ որոշումը կայացվի, որը հնարավորություն կընձեռի մեկ անգամ եւս թե' հայաստանյան հանրությանը եւ թե' միջազգային հանրությանը ասելու, հիմնավորելու եւ ապացուցելու, թե ինչ վարչակազմում ենք մենք ապրում»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG