Մատչելիության հղումներ

Հունգարիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ադրբեջանցի սպան խոստովանական ցուցմունք է տվել


Բուդապեշտում հայ դասընկերոջը սպանած ադրբեջանցի սպան, ըստ Հունգարիայի ոստիկանության, խոստովանական ցուցմունք է տվել՝ ասելով, թե սպանությունը ծրագրել էր որպես վրեժ՝ 1992 թվականին հայերի կողմից ադրբեջանցիների սպանության համար:

Հինգշաբթի օրը Բուդապեշտի ոստիկանությունը, ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրես»-ը, հայտարարություն է տարածել, ըստ որի Սաֆարովը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը՝ պնդելով, որ իր «արարքի հիմքում երկարատեւ հակամարտությունն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»:

Փետրվարի 19-ին Ադրբեջանի զինված ուժերի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցող զինվորականների հանրակացարանում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ոստիկանությունն այն ժամանակ՝ հայտարարելով, որ սպանությունը կատարվել էր «անսովոր դաժանությամբ», հայտնել էր, որ Սաֆարովը նաեւ դասընթացների մասնակից մեկ այլ հայ սպայի սպանելու անհաջող փորձ էր ձեռնակել:

«Սպանությունից առաջ հանցագործի եւ զոհի միջեւ որեւէ լարվածություն, թշնամանք չի եղել», - ասված է Բուդապեշտի ոստիկանության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Սաֆարովը, ըստ հայտարարության, ասել է, որ նախապես ծրագրել էր սպանությունը կատարել փետրվարի 26-ին՝ «1992 թվականի հայկական գրոհի տարեդարձին, երբ տասնյակ ադրբեջանցիներ էին սպանվել Լեռնային Ղարաբաղում», սակայն որոշել է դա անել մինչեւ տարեդարձը, քանի որ «հայերի ներկայությունը նյարդացնացնում էր» իրեն:

Ոստիկանության քննիչները Բուդապեշտի Գլխավոր դատախազությանը առաջարկել են Սաֆարովին ներկայացնել «անսովոր դաժանությամբ կատարված կանխամտածված սպանության» մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG