Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պրյախինը առայժմ գրավոր պատասխան չի ստացել Վարդան Օսկանյանից


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը առայժմ գրավոր պատասխան չի ստացել ապրիլի 29-ին Հայաստանի արտգործանախարար Վարդան Օսկանյանի հղված նամակին:

Երեքշաբթի օրը Վլադիմիր Պրախինը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, որ իրեն սոսկ «բանավոր նկատառումներ» են հայտնել այդ նամակում բարձրացված հարցերի առնչությամբ:

«Սակայն գիտեմ, որ այն գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում», - ավելացրեց նա:

Նշված նամակում դեսպանը մտահոգություն էր հայտնել, որ բռնություններով ուղեկցվող միջադեպերի թիվը աճում է, դրանց հեղինակները պատասխանատվության չեն կանչվում, իսկ հայ հանրության մեջ անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում:

«Անհրաժեշտ է այդ դեպքերի հրատապ, արդյունավետ եւ արդար հետաքննում, ինչը պետք է հանգեցնի դրանք իրագործողների՝ օրենքին համապատասխան դատական պատասխանատվության», - ասված էր Վլադիրմիր Պրախինի նամակում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակում Արտաշես Գեղամյանի հետ շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո:

Դեսպանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են «ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու ուղիները՝ Հայաստանի Սահմանադրության շրջանակներում»:

Իրավիճակը շտկելու հնարավոր ուղիներին վերաբերող հարցին ԵԱՀԿ դեսպանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, եւ այդ կարծիքս ամրապնդվեց պարոն Գեղամյանի հետ զրույցից հետո, որ նման ուղիներ կան, կան նաեւ դրանց մասին բավական իրատեսական պատկերացումներ»:

Շեշտելով, որ իրավիճակից ելքը պետք է գտնեն դիմակայող կողմերը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ասաց. - «Մենք ձգտելու ենք նրան, որ չլինեն ճնշումներ, ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանված ընդդիմության ակտիվիստները՝ որպես քաղաքական լուծման նախապայման: Մեր խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական առճակատումը հանգուցալուծվի Եվրոպայում ընդունված ժողովրդավարական չափանիշների եւ Մարդու իրավունքների ոլորտում գործող նորմերի շրջանակներում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG