Մատչելիության հղումներ

«Հայխնայբանկ»-ը դարձավ Ռուսաստանի խոշոր պետական բանկերից մեկի սեփականությունը


Ռուսաստանի խոշորագույն պետական բանկերից մեկը՝ «Վնեշտորգբանկ»-ը դարձավ «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատերը։ Բաժնետոմսերի փոխանցման պայմանագիրը չորեքշաբթի օրը ստորագրեցին «Վնեշտորգբանկ»-ի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը եւ «Հայխնայբանկ»-ի սեփականատեր՝ «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Փաստաթղթի ստորագրմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

Պայմանագրի ստորագրումից հետո Անդրեյ Կոստինը լրագրողներին ասաց, որ գործարքը հնարավոր է դարձել երկու երկրների ամենաբարձր ղեկավարների հավանությամբ:

«Թեեւ «Վնեշտորգբանկ»-ը բանկերի ցանց ունի եվրոպական երկրներում, այդուհանդերձ, ետխորհրդային տարածքի երկրներում «Հայխնայբանկ»-ի գնումը առաջին գործարքն է», - ասաց Կոստինը՝ ավելացնելով, որ հիմնական շարժառիթներ են եղել Հայաստանի տնտեսության արագ աճը, վարկային ռեսուրսների նկատմամբ աճող պահանջարկը եւ Հայաստանում բիզնես շահեր ունեցող ռուսաստանյան ընկերությունների, մասնավորապես, «ՌԱՈ ԵԷՍ»ի, «Գազպրոմ»-ի եւ «Սիբիր» ավիաընկերության ներկայության ավելացումը։

«Հայխնայբանկ»-ը, Կոստինի խոսքերով, սպասարկելու է առաջին հերթին նման ընկերությունների բիզնեսը՝ շարունակելով ընդլայնել ու զարգացնել բնակչության մանրածախ սպասարկման ծառայությունների ցանցը։

«Կարծում եմ, որ չպետք է անհանգստանալ», - իր հերթին ասաց Միխայիլ Բաղդասարովը: - «Բանկը մնում է իր տեղում, փողերը Հայաստան են գալու, եւ բոլոր առումներով Հայաստանը այդ գործարքից շահում է»:

Բաղդասարավը հայտարարեց, որ սա իր կնքած լավագույն գործարքներից մեկն է: Նրա հավաստիացմամբ, «Վնեշտորգբանկ»-ը կարող է քառապատկել-հնգապատկել «Հայխնայբանկ»-ի կապիտալը, որը ներկայում շուրջ 5 միլիոն դոլար է։

Ավելի քան 2 միլիարդ դոլար կանոնադրական կապիտալ ունեցող «Վնեշտորգբանկ»-ի ակտիվները կազմում են շուրջ 9 միլիարդ դոլար։ Անցյալ տարի բանկը 2,5 կես միլիարդ դոլարի շահույթ է ունեցել։ Այդ գումարը Հայաստանի Համախառն ներքին արդյունքին հավասար գումար է։

Ենթադրելի էր, որ 100 տոկոսով հայկական մասնավոր բիզնես-կառույցը պետական կարգավիճակ ունեցող ռուսական բյուրոկրատացված բանկին փոխանցելը, ինչպես «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, առնչություն ունի Ռուսաստանի Դաշնության ինչ-ինչ աշխարհաքաղաքական հաշվարկների հետ։ Մասնավորապես, այս ենթատեքստում պետք է գնահատել տեղեկությունը, որ «Հայխնայբանկ»-ը բանակացություններ է վարում վրացական բանկերից մեկի հետ՝ այն գնելու նպատակով։ Իրական գնորդը, թերեւս, հենց «Վնեշտորգբանկ»-ն է, քանի որ ադ գործարքը հնարավոր կլինի միայն «Հայխնայբանկ»-ի բաժնետոմսերի վաճառքից հետո։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG