Մատչելիության հղումներ

Ֆադեյ Սարգսյանը վերընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում


Ուրբաթ օրը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ժողովում ակադեմիկոսներից շատերի համար անսպասելիորեն (քանի որ նախագահի ընտրության մասին սովորաբար հայտարարվում է վաղօրոք) տեղի ունեցան ԳԱԱ նախագահի ընտրություններ: Առաջադրված միակ թեկնածուն՝ ԳԱԱ ներկայիս նախագահ Ֆադեյ Սարգսյանը վերընտրվեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, ուր Ֆադեյ Սարգսյանը ներկայացրեց 2003 թվականի հաշվետվությունը, ի զարմանս ներկա ակադեմիկոսներից շատերի, մասնակցում էին նաեւ երկրի վարչապետը, կրթության եւ գիտության նախարարը, Գարեգին Բ կաթողիկոսը: Իսկ երբ լուրեր տարածվեցին, թե նաեւ ընտրություն է լինելու, ներկաներից շատերը դա անհավանական համարեցին, քանի որ ԳԱԱ գործող նախագահի լիազորությունները լրանում են միայն մեկ ամիս անց եւ տարեկան ժողովի օրակարգում էլ նշված էր միայն ակադեմիայի նախագահի հաշվետվությունը:

«Անհնար է», - ասում էր ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը, - «որովհետեւ մեզ տեղյակ չեն պահել»: Ի պատասխան Սեդրակյանի հարցի, թե ինչու նախապես չէին տեղեկացրել, ժողովում նախագահող ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը դա բացատրեց «տեխնիկական պատճառներով»:

Այդուհանդերձ, պարզվեց, որ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը կայացվել է այսօր՝ մինչեւ տարեկան ժողովը սկսվելը գումարված ԳԱԱ նախագահության նիստում:

«Ընտրվում է ազգային ակադեմիայի պրեզիդենտ, որից հետո պրեզիդենտը առաջարկում է իր փոխպրեզիդենտներին, ակադեմիկոս-քարտուղարներին, նախագահության կազմը: Թեկնածուներ են տալիս եւ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է», - ընտրությունների անցկացման կարգը «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը:

Ակադեմիայի նախագահի ընտրությանը, ըստ կանոնադրության, մասնակցում են միայն ԳԱԱ ակադեմիկոսներն ու թղթակից-անդամները: Առաջադրվեց միայն Ֆադեյ Սարգսյանի թեկնածությունը, չնայած ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը, ով նախագահում էր նիստում, առաջարկեց տալ նաեւ այլ թեկնածուների անուններ: 110 անդամներից քվեարկությանը մասնակցեցին 78-ը, որոնցից 71-ը իրենց ձայնը տվեցին Ֆադեյ Սարգսյանին: Վերջինս Հայաստանի գիտությունների ակադեմիան գլխավորում է 1994 թվականից:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG