Մատչելիության հղումներ

Արա Աբրահամյանը բողոքում է, որ սփյուռքը չի աջակցում իր ստեղծած համահայկական կառույցին


Ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ, Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանը երեքշաբթի օրը դժգոհություն հայտնեց, որ սփյուռքի քաղաքական կուսակցությունները չեն օգնում իր ստեղծած կառույցին:

«Շատ ցավալի է, որ բոլոր կուսակցությունները, որ կան սփյուռքում, այս հինգ ամսվա ընթացքում չեն զանգել, չեն հետաքրքրվել, թե մենք ինչ ենք արել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արա Աբրահամյանը: - «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է պատճառը»:

Նշելով, որ իրենց գործունեությամբ չեն հետաքրքվել ո'չ Դաշնակցությունը, ո'չ Ռամկավար-ազատական, ո'չ էլ Հնչակյան կուսակցությունները, Աբրահամյանը ասաց. - «Մենք իրենցից սպասելիք չունենք, որովհետեւ իրենք անելիք չունեն մեր դաշտում»:

Համայն աշխարհի հայությանը միավորելու հավակնոտ նպատակը հետապնդող Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այնցած հոկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:

Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը «գայթակղիչ, բայց խնդրահարույց» էր որակել գաղափարը: «Մեկ կազմակերպության դրոշի ներքո ողջ սփյուռքը հավաքելը հազիվ թե հնարավոր է», - ասել էր նա: - «Այդ դրոշը կարող է լինել միմիայն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը»:

Անցած հինգ ամիսներին կատարած աշխատանքները ներկայացնելով, Աբրահամյանը ասաց, որ դրանք ընթացել են երկու հիմնական ուղղություններով՝ «ուժեղ, հզոր տնտեսական սփյուռքի ստեղծման» եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:

Նրա խոսքերով, իր գլխավորած կազմակերպությունը նախաձեռնել է «դարի ծրագիր, որի իրականացմամբ կարող է հպարտանալ ցանկացած ազգ»: Այդ ուղղությամբ ներկայումս տարբեր երկրներում ստեղծվում են «բիզնես խորհուրդներ», որոնք, ի թիվս այլ խնդիրների, նաեւ ներդրումներ են հրապուրելու Հայաստան: Աբրահամյանի փոխանցմամբ, այդպիսի խորհուրդ արդեն ստեղծվել է Արգենտինայում, եւ դրա փոխնախագահը Էդուարդո Էռնեկյանն է:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG