Մատչելիության հղումներ

Բնապահպանները դիմել են նախագահին՝ «Հայանտառ»-ի վերաբերյալ որոշումը վերանայելու խնդրանքով


14 բնապահպան հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ խնդրելով «Հայանտառ»-ը դարձնել կառավարությանն առընթեր անկախ միավորում:

Անցած շաբաթ կառավարության ընդունած որոշմամբ, տարանջատվել են Հայաստանում անտառների շահագործման եւ վերահսկողության գործառույթները: Եթե մինչ այդ երկու գործառույթներն էլ իրականացնում էր բնապահպանության նախարարությունը, ապա այժմ շահագործման լիազորությունը փոխանցվում է գյուղատնտեսության նախարարությանը:

Նամակի հեղինակները շեշտել են, որ «Հայանտառ»-ը եւ գյուղատնտեսության նախարարությունը ունեն տարբեր նպատակներ ու գործառույթներ՝ «կարող է առաջանալ գյուղատնտեսական ու անտառային շահերի բախում»: Նրանց կարծիքով, անտառի շահերը կստորադասվեն գյուղատնտեսական շահերին, իսկ անտառապահպանության եւ անտառավերականգնման հարցերը կմղվեն հետին պլան:

Անցած շաբաթ նախագահ Քոչարյանը պատասխանելով լրագրողների հարցերին, պաշտպանել էր այդ որոշումը՝ վկայակոչելով եվրոպական երկրների փորձը, ուր անտառների կառավարումը իրականացվում է գյուղատնտեսության նախարարությունների կողմից:

Նախկին բնապահպանության նախարար, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, պաշտոնավարման ընթացքում ինքը միշտ դժվարություններ է ունեցել գյուղնախարարության հետ:

«Եթե մենք փորձում էինք միջամտել գյուղնախարարության որեւէ ձեռնարկմանը, որեւէ գործունեությանը, անընդհատ պատնեշ էր՝ բոլոր մակարդակներում՝ ներառյալ կառավարությունը», - ասաց նա:

Հարցը, ի թիվս բնապահպանական այլ հարցերի, այսօր քննարկվեց բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին բնապահպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խորհրդակցության ժամանակ բուռն քննարկումներ ծավալվեցին նաեւ
Երեւանի կանաչ տարածքներում կապիտալ շինարարության շուրջ: Բնապահպանները ընդգծեցին այն դադարեցնելու անհրաժեշտությունը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG