Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը «Այբ-Ֆե» թերթում այսօր ասում է. - «Հայաստանի արտաքին քաղաքականությունը կրավորական է՝ ավելի շատ պաշտպանվում ենք, քան հարձակվում: Մինչդեռ պետք է հարձակվել: Ադրբեջանցիները ավելի շատ են անհանգստացնում միջազգային հանրությանը, քան մենք: Փաստորեն միջազգային կարծիքը հետզհետե թեքվում է նրանց կողմը»: Միեւնույն ժամանակ, Ղազարյանը նշում է. - «Թեեւ սուր մտքի արգասիք չէ գործընթացը ձգձգելը, բայց, կարծում եմ, որ այսօր դա է մեր միակ հնարավորությունը»: Ռաֆայել Ղազարյանի հայացքով, երբ ասում ենք «զիջումային տարբերակ», բոլորս էլ հասկանում ենք, որ այդ զիջումը պետք է անենք մենք, ոչ թե Ադրբեջանը. - «Եվ նման զիջումային տարբերակ հնարավոր է այն դեպքում, եթե Քոչարյանը որոշի, որ դրանից հետո հեռանում է: Դա նրան չի ներվի: Կամ էլ կփորձի այդ ծանր արարողությունը գցել մեկ ուրիշի վրա, օրինակ՝ Ազգային ժողովի»: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում շեշտադրում է. - «Ազգային ժողովը եւ ժողովուրդը պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերջնական տարբերակը»: Օսկանյանի տպավորությամբ՝ Մինսկի խմբի համանախագահները նոր գաղափարներ ունեն, բայց այդ նոր մոտեցումներն ու շեշտադրումները կանեն միայն այն ժամանակ, երբ կզգան, որ պահը հարմար է դրա համար: «Համանախագահները, հաշվի առնելով Իլհամ Ալիեւի նոր նախագահ լինելը, որոշակի մտահոգություն ունեին, քանի որ չէին ուզում առաջին իսկ օրը, պահի տակ, մերժողական պատասխան ստանալ», - ենթադրում է նա: «Մենք այսօր սպասում ենք Ադրբեջանի նախագահի կողմից դրական ազդանշանների` բանակցություններն առկա հիմքի վրա շարունակելու համար», - ասում է Վարդան Օսկանյանը: - «Այդ դեպքում 2004-ի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հասնել հարցի խաղաղ կարգավորմանը, եւ մեր կողմից որեւէ միտումնավոր ձգձգում չի լինի»:

«Հնարավոր համարում եք արդյո՞ք, որ գործող նախագահն առաջիկայում կրկին հանրաքվեի դրվելիք Սահմանադրությունն այնպես «բարեփոխի», որ իրեն հնարավորություն տա 2008-ին երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը պատասխանել է. - «Կարծում եմ, որ իր մտքին նման բան կարող է լինել, սակայն բացառում եմ դրա հնարավորությունը, որովհետեւ այն պրոբլեմները, որ կանգնած են Հայաստանի առաջ, եւ այն ցասումը, որ կա ժողովրդի մեջ, թույլ չեն տա նման բան անել: Եթե ինքը փորձի նման բան անել, շատ վատ կվերջանա ոչ միայն իր համար, այլեւ անասելի մեծ խլրտումներ կառաջացնի Հայաստանում»: Պատասխանելով նույն հարցին, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն էլ հնարավոր չհամարեցին Քոչարյանի՝ երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելը:

Ուկրաինան ԱՊՀ երկրներից առաջինն է իրագործում նախագահական երրորդ ժամկետի օրինականացման գաղափարը: «Եթե Կուչման նախագահ դառնա երրորդ անգամ եւ միջազգային հանրությունը դա կուլ տա, շատ նախագահներ, այդ թվում եւ Քոչարյանը, անմիջապես կփորձեն օրենքում նման սողանցքներ գտնել», - դիտարկում է «Առավոտ»-ը: - «Կարելի է, օրինակ, ասել, որ երկու նախորդ ընտրությունները անց են կացվել հին Սահմանադրության օրոք, եւ, այսպես ասած, հաշիվ չեն: Ուստի՝ հանուն երկրի կայունության, ներդրումների, աշխատատեղերի եւ տնտեսական աճի իշխանությունը երբեք չպետք է փոխվի»:

Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը «Հայոց աշխարհ» թերթում այսօր հարցեր է դնում. - «Ո՞վ եկավ, ո՞վ է թելադրում հայոց երկրում կարգն ու վարքը, ո՞վ է թելադրում մթնոլորտը, այդ ի՞նչ անտեսանելի ուժ է, որը կարողանում է գործի գցել, բերել առաջ բոլոր այն տականքը, որ մյուս ազգերի նման մենք էլ ունենք, ո՞վ է կարողանում բերել առաջ այդ տականքը եւ դարձնել հեգեմոն»: Սոս Սարգսյանի մտահոգությունները այս հարցազրույցում հիմնականում հայոց լեզվի համատարած նվաստացման առիթով են: Նա անդրադառնում է նաեւ վիճակախաղի համաճարակին. - «Դրանք ինչ հայեր են, որ վիթխարի գումարներ են աշխատում հիմարացնելով ժողովրդին: Մարդու հոգին ավելի աղքատացնելու, սնանկացնելու, էությունը չորացնելու, մարդուն ծույլ, անբան դարձնելու, մարդուն խաղամոլ դարձնելու ամենանողկալի միջոցն են այդ լոտոները» Նույնի հետ կապված «Հայոց աշխարհ»-ում բերված է բազմաթիվ այլ մտավորականների, քաղաքական գործիչների խոսքը եւս. «Ամոթ է, այսպես ապրել չի կարելի...պետությունը պարտավոր է հասունացած վտանգի դեմ քայլեր ձեռնարկել»:

Իսկ «Ազգ» թերթում էլ «ԱրմենՏել»-ի հետ կապված է այսօր ընդգծվում. - «Դարձյալ առաջին հերթին եւ ամենից շատ տուժում են հասարակ սպառողները։ Նրանք հայտնվել են մի տեսակ երկատված վիճակում՝ չիմանալով ում հավատալ եւ ինչպես վարվել։ Մարդիկ հոգնել են ամեն ինչի համար անընդհատ եւ հիմնականում անարդյունավետ պայքարելուց։ Եվ, ի վերջո, սա ոչ թե ինչ-որ մեկի անձնական, այլ ամբողջ հասարակությանը վերաբերող խնդիր է, որի կարգավորումը այդ նույն հասարակության շահերը պաշտպանելուն կոչված իշխանությունների պարտականությունն է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG