Մատչելիության հղումներ

Պատգամավորներին քիչ է հետաքրքրում հայոց լեզվի անաղարտությունը


Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեքշաբթի օրը տեղի ունեցած «ՀՀ լեզվի մասին» օրենքի կիրառման եւ հայոց լեզվի անաղարտության պահպանման հարցերի վերաբերյալ լսումներին հայ օրենսդիրներից շատ քչերը մասնակցեցին: Ազգային ժողովի լեփ-լեցուն դահլիճում հատուկենտ պատգամավորներ կային:

Մինչդեռ, Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի ձեւակերպմամբ՝ «հայոց լեզուն վտանգի մեջ է թե' դրսից, թե' ներսից»: «Պետք է պետական վերահսկողությամբ համախմբել բոլոր կարող ուժերը եւ այդ վտանգների առաջն առնել», - հայտարարեց նա:

Անվանի ռեժիսոր եւ դերասան Սոս Սարգսյանի համոզմամբ, նման քննարկման կազմակերպումն իսկ վկայում է, որ ամրանում է մեր պետությունը: «Որ արդեն անդրադառնում ենք ոչ միայն մեր հացին, մեր կենցաղին, մեր սոցիալական վիճակին, այլ նաեւ մեր մշակույթին», - փաստարկեց նա:

Լսումներին մասնակցող ընդդիմադիր պատգամավոր, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նույնպես դրական գնահատեց նման լսումների կազմակերպման փաստը:

«Սակայն, պատգամավորներ, ըստ էության, չեն մասնակցում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դալլաքյանը՝ ուշադրություն սրելով նաեւ, որ ելույթներում չի խոսվում օրենսդրական փոփոխությունների մասին:

«Այնինչ, պետք է երկու կարեւորագույն նախագծեր ներկայացվեն լինեին՝ «Լեզվի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում համապատասխան փոփոխություններ», - ասաց նա:

Պատգամավորի կարծիքը կիսում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը: «Ամեն մեկը վեր է կենում իր տնամերձից է խոսում, իր մասնագիտական հակումներից է խոսում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ շարունակելով. - «Մինչդեռ, հարկավոր է խոսել այն մասին, թե «Լեզվի մասին» օրենքը համալրելու համար արված առաջարկությունները ինչքանով են համապատասխանում մեր պետության եւ մեր ժողովրդի անմիջական ազգային շահերին»:

Իրենց ելույթներում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, գրող Պերճ Զեյթունցյանը, գիտության եւ մշակույթի այլ գործիչներ կոշտ գնահատականներ տվեցին հայոց լեզվի աղավաղումներին ու աղճատումների բազմաթիվ դրսեւորումներին՝ հատկապես գովազդի բնագավառում:

Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նույնպես համոզված է, որ խնդիրն դրված է ամբողջ սրությամբ եւ լուծման կարիք ունի: «Գնալով հայոց լեզուն իրոք աղավաղվում է, բզկտվում է», - ասաց նա: - «Մենք ուզում ենք հայոց պետության մեջ հայոց լեզուն իր իրական տեղն ու դերը ունենա»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG