Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի գրանցմամբ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը երեկ Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ասուլիսում սպառնալից հայտարարություններ է արել հայաստանյան ընդդիմության հասցեին. - «Դրա առիթը Կիմ Բալայանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելու ժամանակ ղարաբաղյան կլանի մասին Ազգային ժողովում հնչած ելույթներն են»: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի ընկալմամբ էլ, ղարաբաղյան կլանի վերաբերյալ իր ելույթի արձագանքների տողատակում սպառնալիքներ կան: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին նա ասել է. - «Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, թե' Հայաստանում եւ թե' Ղարաբաղում, պաշտպանվելու համար փորձում են իրենց նույնացնել այդ կլանից նույնքան տուժած արցախցու հետ եւ ճամարտակել միասնության ու միաբանության մասին»:

«Մենք , իրոք, գտնում ենք, որ ուղիղ բանակցությունները՝ Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ, ամենաարդյունավետ ֆորմատն է», - երեկ հայտարարեց արտգործնախարար Օսկանյանը: «Այդ դեպքում ինչո՞ւ էին իշխանությունները 5 տարի աշխատում անարդյունավետ ֆորմատում», - հարց է դնում «Առավոտ» թերթը: Ընդհանրապես, Ղարաբաղյան կարգավորման վերջին տարիների ռիթմը ավելի ու ավելի հաճախ է կարծես տարակույսներ ծնում: «Այբ-Ֆե» թերթն էլ այսօր նշում է. - «Փաթեթայինը փուլայինից գերադասած Ռոբերտ Քոչարյանի այս ավելի քան հինգ տարիների իշխանավարության օրոք այս փաթեթային տարբերակից ոչ ոք այդպես էլ գլուխ չհանեց: Մի բան, սակայն, պարզից էլ պարզ է. Քոչարյանի ու քոչարյանականների նախընտրած այս փաթեթային տարբերակը շատ ավելի երկար ձգձգվեց ու տեւեց, քան կտեւեր ցանկացած փուլային տարբերակ: Այս «փաթեթային» տարբերակը նույնպես, ըստ էության, փուլային տարբերակ է՝ բաղկացած երկար ու ձիգ ու անորոշ անհաշիվ փուլերից... Այս ընթացքը կարդարացվեր, եթե իրոք ժամանակն աշխատեր մեր օգտին, բայց», - եզրափակում է թերթը, - «քանի որ կյանքը շարունակում է ապացուցել, որ հայ իշխանավորների խոսքերն ու ցանկությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը, մենք շարունակում ենք անհանգստանալ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ձգձգումներից»:

Ի դեպ, որոշ իշխանավորների խոսքի ու գործի հակասության մի ցայտուն նմուշ է այսօր մատուցված «Առավոտ» թերթում: Լրագրողը կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին հիշեցրել է նախընտրական շրջանում «Օրինաց երկիր»-ի դիրքորոշումները կրթական համակարգի վերաբերյալ, եւ այն, թե որքան դեմ էին արտահայտվում ինքն ու իր կուսակիցները, մասնավորապես, օպտիմալացման ծրագրին: Նախարարը, ըստ էության, հաստատել է, որ դրանք եղել են զուտ պոպուլիստական կոչեր. - «Իհարկե, քաղաքական գործիչը կարող է իր վերաբերմունքը արտահայտել: Ուրիշ է, երբ իրավիճակը փոխվում է եւ նա' է այն ուժը, որ պատասխանատվություն է ստանձնում. պաշտոնը ենթադրում է որոշակի պարտականություններ ու պարտավորություններ»:

Հայաստանում ներքին ահաբեկչության շատ վտանգավոր աղբյուր է «Հայոց աշխարհ» թերթում մատնանշում Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը. - «Մեր հասարակությունն է ողնուծուծով ներծծված անբարոյականությամբ։ Մարդիկ իրենց բարեկեցությունը կառուցում են մյուսների ոսկորների վրա։ Ժողովրդի կամքը իշխանության համար բացարձակապես նշանակություն չունի։ Այս պայմաններում ահաբեկչությունը դառնում է առօրեական գործիքներից մեկը նպատակներ իրագործելու համար։ Ահաբեկչությունն ուղղակի զորբայությամբ իշխանության կամ հարստության հասնելու օպտիմալացված ձեւն է եւ ավելի արագ է արդյունքի բերում։ Եթե այս վիճակից դուրս չգանք, երկրի ներսում միշտ էլ ահաբեկչություն կլինի»: Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հայացքով, ահաբեկչության վտանգ, զանգվածային սպանություն, խաղաղ բնակչության սպանդի տեսքով, գոնե այսօր Հայաստանում հնարավոր չէ, քանի որ չկան դրանց ներքին դրդապատճառները: «Սակայն չի կարելի անտեսել, որ քաղաքական սպանությունները իրենց հետքն են թողել մեր քաղաքական վերնախավի գիտակցության վրա... Այս վտանգը միշտ պետք է նկատի ունենալ, քանի որ մեր երկրում քաղաքական զարգացումները անընդհատ ընթանում են քաղաքական դատավարությունների ստվերում», - նշում է Վահան Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է արտաքին վտանգներին, նա առանձնացրել է. - «Կարծում եմ՝ Հայաստանին, իրոք, ահաբեկչական վտանգ կարող է սպառնալ: Բանն այն է, որ մեզ համար արդեն սովորական են դարձել հարեւան պետությունների ղեկավարների սպառնալից ելույթները Հայաստանի հասցեին: Ուստի մենք պետք է պատրաստ լինենք, զինված լինենք եւ օրենսդրորեն պատրաստ լինենք նաեւ այսպիսի մարտահրավեր դիմագրավելուն»: Նույն տեսանկյունից Վազգեն Մանուկյանն էլ «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում վերլուծում է. - «Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար վտանգ ներկայացնում է։ Եւ սրա պատճառը միայն այն չէ, թե Վրաստանի պաշտոնյաներից ոմանք հայկական ծագում ունեն կամ Ադրբեջանում հակահայկական դիրքորոշումը բնական է ու Արցախի պատերազմի հետեւանք։ Բանն այն է, որ հարկ եղած դեպքերում Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը իրար հետ հեշտությամբ լեզու են գտնում, մինչդեռ Հայաստանը միշտ ընկալվում է որպես ռուսական կայսրության քաղաքականության իրականացնողը տարածաշրջանում։ Սա է, որ խոր հակամարտություն է առաջացնում Հայաստանի ու մյուսների միջեւ... Եթե մենք չկարողանանք ստեղծել տարածաշրջանային առումով տնտեսական, ռազմական, անվտանգության ապահովման համալիր ծրագիր եւ դրա իրագործումը գայթակղիչ դարձնել նաեւ մեր հարեւանների համար, ապա դատապարտված ենք լինելու մնալ այս երկու աշխարհների արանքում», - զգուշացնում է Վազգեն Մանուկյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG