Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դատավճիռ, որը չբավարարեց եւ ոչ մեկին», - արձանագրում է «Հայոց աշխարհ» թերթը՝ անդրադառնալով Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննության հանգուցալուծմանը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանը մի քանի թերթերի հարցազրույցում այս դատը տեղավորում է «Իշխանությունների ժամանակը սպառվում է» շրջանակում: «Բազմաթիվ մարդիկ, իսկ իմ շփումները շատ լայն շրջանակ են ընդգրկում, այդ թվում նաեւ իշխանական թեւը ներկայացնող գործիչներ, ասում են, որ չեն հավատում Արմեն Սարգսյանի մեղավորությանը եւ չեն թաքցնում, որ ամեն ինչ քաղաքական ենթատեքստում է արվում», - ասում է նա «Առավոտ»-ում՝ «Այբ-Ֆե» թերթում էլ լրացնելով. - «Քննչական խումբն էլ մտերմիկ շրջապատում ասում է. մենք արել ենք այն, ինչ ասել է երկրի իշխանությունը, առանց կոնկրետացնելու անուններ՝ հասկանալով, որ կռահում ենք, թե իրենք ում նկատի ունեն»: Ըստ Արամ Սարգսյանի, միայն իշխանափոխության հետեւանքով է հնարավոր ամբողջությամբ բացահայտել Տիգրան Նաղդալյանի սպանության գործը. - «Նախաքննության եւ դատաքննության իմիտացիաներով երկիր չես պահի: Մարդը պիտի հավատա իր երկրին ու իշխանությանը: Դա կլինի մոտ ապագայում», - կրկին հավաստիացնում է նա՝ նաեւ մասնավորեցնելով. - «Իմ՝ Ազգային ժողով մտնելուց հետո պիտի սկսվի իշխանափոխության գործնական գործընթացը: Երբ ինձ տեսաք Ազգային ժողովի շենքում, ուրեմն հավատացեք՝ հաջորդ օրս իսկ փողոցում պիտի տեսնեք բազմահազարանոց մարդկանց խմբեր»:

«Մենք ավանդաբար ոչ թե ապրում ենք, այլ ասես ուղարկված ենք մեր իսկ սեփական թիկունք՝ հատուկ առաջադրանքով», - գրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը: - «Առաջադրանքը հատուկ է, որովհետեւ ոչ մի բան պետք չէ հատուկ փչացնել, պայթեցնել ու վնասել։ Պետք է աշխատել, ինչպես սովոր ենք. եւ ամեն ինչ կփչանա ու կպայթի ինքնաբերաբար։ Այնպես որ կուսակցությունների գործունեությունից դրական արդյունք ակնկալելը, ազնվորեն ասած, նույնիսկ անազնիվ կլիներ», - ընդգծում է խմբագիրը կուսակցությունների վերագրանցման ու դրանց թվի կրճատման առիթով: «Հայոց աշխարհ»-ում պատկերավորված է. - «Այն, որ հայրենի կուսակցությունների մեծամասնությունը զբաղվում էր բացառապես հիմարություններով ու ավելի շատ վնաս տալիս, քան օգուտ, քչերին էր հուզում։ Հենց դրա վրա էլ կառուցված էր հաշվարկը. յուրաքանչյուր նոր հիմարություն շեղում էր քաղաքացիների ուշադրությունը նախորդից։ Հիմարությունների այդպիսի հետաքրքիր մի բուրգ էր ստացվում»։

Քաղաքականության զվարճություններից դուրս մամուլում այսօր կրկին ուշադրություն է սեւեռված եւ բուն հացին: Մի կողմից, տարածված է որոշ պաշտոնյաների հուսադրումը, թե դրա թանկացումը կարճ կտեւի եւ ամեն ինչ տեղը կընկնի: Մյուս կողմից, «Հայկական ժամանակ» թերթը արձանագրում է. - «Հաստատուն եւ ոչ այնքան դանդաղ տեմպերով Հայաստանում թանկանում է ալյուրը: Ինչպես կանխատեսում են ցորեն ներկրողները, առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ցորենի եւ, բնականաբար, ալյուրի գները էլի են բարձրանալու: Բարձրանալու են նկատելիորեն՝ նորից առաջ բերելով բոլոր հացամթերքների թանկացում»: «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը առանձնակի ծանրացել է նաեւ այն վարկածի վրա, որ ալյուրը, ասել է թե՝ հացը, թանկացրել են այս ոլորտում տիրություն անող օլիգարխները, գերշահույթ ստանալու ակնկալիքով»: Այս առումով քննադատվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը. - «Ալյուրի եւ հացի պարբերական դարձած թանկացումներով քիչ թե շատ զբաղվող միակ պետական մարմինն ընդամենը գնում է իրադարձությունների պոչից բռնած»: Իսկ ընդհանուր առմամբ փաստագրումներն այսպիսին են. - «Միայն այս տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է գրեթե կրկնակի: Ինչ վերաբերում է հացի գներին, ապա 20-30 դրամ թանկացումն ինչ-որ տեղ խաբուսիկ ցուցանիշ է: Բանն այն է, որ թանկացմանը զուգընթաց, հացի քաշը նկատելիորեն թեթեւացել է... Միջազգային շուկայի գնային շարժի վկայակոչմամբ կատարված թանկացումն ընդամենը պատրվակ է մարդկանց գրպանից մի քանի դրամ ավել հանելու համար», - ամփոփված է «Հայոց աշխարհ»-ում:

«Պատճառաբանել եւ արդարանալ միշտ էլ հնարավոր է, բայց դրանից մարդկանց հոգսերը չեն թեթեւանում», - մատնանշում է «Առավոտ» թերթը: - «Վերցնենք, օրինակ, Արաբկիր եւ Կենտրոն թաղամասերի ջրի վարակի հետ կապված վերջին պատմությունը. առողջապահության նախարարությունը մեղքը բարդում է «Ջրմուղի» վրա, «Ջրմուղը» բերում է արդարացնող ինչ-ինչ փաստարկներ, բայց հացի փող չունեցող մարդկանց համար, որոնք ամեն օր ստիպված «Նոյ» են գնում, այս խոսակցությունները կոպեկի արժեք չունեն: Հիմա էլ ջրի սակագինը բարձրացնելուց հետո Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը բռունցքներ թափ կտան Ջրային պետական կոմիտերի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի հասցեին: Ի՞նչ, դարձյալ փորձենք դրության մեջ մտնել եւ ասել, թե որքան լավն են «Օրինաց երկիր»-ն ու Դաշնակցությունը ու որքան անտանելի են Գագիկ Մարտիրոսյանն ու նրան սատարող կառավարության մյուս ներկայացուցիչները: Լա'վ, ասենք դրության մեջ մտանք, իսկ ջուրը, միեւնույն է, կթանկանա: Ճիշտ այդպես էլ օպտիմալացման ծրագրով կրճատված ուսուցիչների հարցում դարձյալ իշխող կուսակցությունները միմյանց դեմ սուր են ճոճում, իբր՝ մեղավորը դուք եք: Բայց հազարավոր գործազուրկ ուսուցիչներ թքած ունեն՝ թե իշխող կոալիցիայի որ կուսակցությունն է այդ ծրագրի հեղինակը: Նրանք մեղադրում են ողջ կառավարությանն ու երկրի ղեկավարին: Եվ ճիշտ են անում», - ի մի է բերում «Առավոտ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG