Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի գործադիր տնօրենը նշում է Հայաստանի առաջընթացը շուկայական բարեփոխումների ճանապարհին


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Հորսթ Քոհլերը երկուշաբթի օրը բարձր գնահատական տվեց Հայաստանում ընթացող շուկայական բարեփոխումներին՝ ասելով, թե բնակչությունը ի վերջո կզգա դրանց օգտակարությունը, եթե երկիրը «շարունակի նույն կուրսը»:

Իր երեւանյան այցի ավարտին՝ Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումներից հետո, Քոհլերը ասեց, թե «շատ ոգեւորված է» նրանով, թե ինչպես են նախագահ Քոչարյանը եւ Հայաստանի կառավարության տեսնում երկրի տնտեսական զարգացումը: Նա «տպավորիչ» բնորոշեց Հայաստանի վերջին տարիների տնտեսական զարգացումը՝ ավելացնելով միաժամանակ, որ այն «նեղ բազա» է ունեցել: Քոհլերը նաեւ հաստատեց, որ Հայաստանը այս ամիս կստանա Արժույթի միջազգային հիմնադրամի հերթական վարկը:

«Երկիրը ճիշտ ուղու վրա է եւ պետք է պարզապես շարունակի առաջ շարժվել բարեփոխումների ճանապարհով», - մամուլի ասուլիսում ասաց Քոհլերը: - «Եվ ես կարծում եմ, որ դա կփոխհատուցվի մոտակա տարիներին: Ճիշտ քաղաքականությունն այժմ որոշված է: Խնդիրը դրա իրականացումն է»:

ԱՄՀ-ի գործադիր տնօրենի գնահատանքին վերջին ամիսներին նախորդել են հիմնադրամի ավելի ցածրաստիճան պաշտոնյաների նույնական հայտարարությունները: Վերջիններս նշել են Հայաստանի բավական կոշտ ֆիսկալ ու արժութային քաղաքականությունը եւ մակրոտնտեսական կայուն աճը: Քոհլերը, այդուհանդերձ, միացավ լայնորեն տարածված կարծիքին, որ եղած աճը չի հանգեցրել աշխատատեղելի զանգվածային ստեղծմանը:

«Չափազանց շատ են աղքատության մեջ ապրող մարդիկ, իսկ դա նշանակում է, որ չի կարելի գոհանալ: Բարեփոխումների գործընթացը պետք է շարունակվի եւ գործարար մթնոլորտը պետք է էլ ավելի բարելավվի», - ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները պետք է զգալիորեն բարելավեն հարկահավաքը եւ լրջորեն պայքարեն կոռուպցիայի դեմ:

Այսօր ավելի վաղ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, որպես առաջիկայում փոխգործակցության կարեւորագույն ուղղություններ, «զրուցակիցները մեծ ուշադրություն են հատկացրել մաքսային ու հարկային վարչարարության կատարելագործման խնդրին, ինչպես նաեւ չարաշահումների դեմ պայքարի եւ աղքատության կրճատման ծրագրի շրջանակում համատեղ աշխատանքին»:

Երկրի բնակչության առնվազն կեսը շարունակում է ապրել աղքատության մեջ: Աղքատության կրճատման միջնաժամկետ ծրագրով, որ կառավարությունը հաստատել է անցած ամռանը, ծրագրվում է մինչեւ 2015 թվականը աղքատության մակարդակը կրճատել մինչեւ 20 տոկոս՝ նոր աշխատատեղերի ստեղծման եւ առողջապահությանը, կրթությանը եւ սոցիալական այլ ոլորտների պետական հատկացումները ավելացնելու ճանապարհով:

Քոհլերը ասուլիսում նաեւ հայտարարեց, որ ԱՄՀ-ի տնօրենների խորհրդի հերթական նիստում, որը կայանալու է նոյեմբերի 24-ին, հիմնադրամը Հայաստանին կհատկացնի հերթական 14 մլն դոլարի վարկը՝ Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի օժանդակության 95 միլիոն դոլար արժողության եռամյա վարկային ծրագրի շրջանակներում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG