Մատչելիության հղումներ

Նշվեց «Հոկտեմբերի 27»-ի չորրորդ տարելիցը


Երկուշաբթի օրը Հայաստանում նշվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 4-րդ տարելիցը: Պետական պաշտոնյաները ու Ազգային ժողովի դահլիճում ահաբեկիչների կրակոցներից զոհվածների հարազատները առանձին-առանձին այցելեցին զոհերի շիրիմներին:

Բազմաթիվ մարդիկ այսօր այցելեցին Եռաբլուր եւ Կոմիտասի անվան պանթեոն՝ հանգարքի տուրք մատուցելու ու ծաղիկներ դնելու վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմներին:

Երկու գերեզմանատներն էլ առանձին-առանձին այցելեցին կառավարության անդամները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավությամբ, Ազգային ժողովի որոշ պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը միայն ծաղկեպսակներ էր ուղարկել, բայց անձամբ չայցելեց ո'չ Եռաբլուր, ո'չ էլ Կոմիտասի անվան պանթեոն:

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների դատավարությունը անցած շաբաթ մտել է եզրափակիչ փուլ: Մեղադրող կողմն արդեն դատարանում ներկայացրել է կատարված ոճրագործության եւ գրեթե քառամյա քննության եւ դատավարության ընթացքի գնահատականները՝ 5 ահաբեկիչների նկատմամբ պահանջելով ցմահ ազատազրկում: Մինչդեռ կասկածները, որ ահաբեկիչների հետեւում կան կազմակերպիչներ, չեն փարատվել:

Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, հատկապես զոհերի հետ առնչություն ունեցող մարդկանց մոտ եւ հատկապես նրանց համար, ովքեր այդ իրադարձությունների ականատեսն են եղել, կասկածներն ավելի խորանում են: Սահակյանը վստահ է, որ ոճրագործներն օրենքով կպատժվեն, բայց իր կասկածները «դրանով չի փարատվելու»:

«Կարծում եմ, որ կազմակերպիչներ եղել են եւ կգա ժամանակը ու, կարծում եմ, որ հասարակությունը տեղյակ կլինի նաեւ դրան: Դա այդքան շուտ չի լինի», - ասաց Գալուստ Սահակյանը:

Նրա կարծիքով, կազմակերպիչներին պետք է հանրապետությունից դուրս փնտրել: «Որովհետեւ մեր իրականությունը այնպիսին է, որ այս 4 տարիների ընթացքում որեւէ բան կիմանար հասարակությունը, եթե ներսից լիներ», - փաստարկեց նա:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված պետական հեղաշրջման փորձից 4 տարի անց էլ դեպքի մասին հայտնի է «այնքան, ինչքան գիտեինք 1999-ի հոկտեմբերի 28-ին»: Նրա կարծիքով, ոճրագործության կազմակերպիչների բացահայտումը կարող է տեղի ունենալ միայն իշխանափոխությունից հետո:

Ինչ վերաբերում է գործից անջատված մասին եւ շարունակվող նախաքննությանը, ապա պատգամվորներից ոմանք այսօր ասացին, թե այդ քայլը արհեստական բնույթ էր կրում: Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), օրինակ, ասաց, որ չի հավատում, բայց նաեւ չի բացառում, թե անջատված մասով հնարավոր է ռեալ արդյունքի հասնել: Նրա համոզմամբ, քրեական գործից մաս անջատելն «ինքնին քաղաքական լուծում էր, իրավաբանական լուծում չէր»:

«Որովհետեւ այնքան ժամանակ է տեւում նախաքննությունը, քննությունը, դատաքննությունը, որ այդ ընթացքում կարելի էր, եթե հնարավոր էր, բացահայտել նաեւ այն երկրորդ մասով», - բացատրեց Հովհաննիսյանը:

Ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ, ժամանակին այդ գործը միտումնավոր անջատվել էր ՝ «գործը կոծկելու համար»: Կարեն Դեմիրճյանի որդու գնահատմամբ, անջատված մասի քննությունը ձեւական բնույթ է կրում: «Այլ իշխանությունների օրոք հնարավոր համարում եմ լիարժեք բացահայտումը», - ասաց նա:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանի կարծիքով, քրեական գործից մաս անջատելն անհեթեթություն էր: «Դա մահակ էր էն մարդկանց գլխին, ովքեր լուրջ ասելիքներ ունեին», - պնդեց Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Վահան Հովհաննիսյանի համար անընդունելի են հայտարարությունները, թե «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի միայն իշխանափոխության դեպքում: «Ինչո՞ւ իշխանափոխության դեպքում: Հիմա չի՞ կարելի դա ցույց տալ: Եթե հիմա դա ցույց տան, եթե դա իսկապես կա, միգուցե իսկապե՞ս տեղի ունենա իշխանափոխություն... Իշխանափոխության ամենալավ ձեւն է հենց նման բաների բացահայտումը», - ասաց Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, կազմակերպիչներին (եթե այդպիսիք կան) բացահայտելու հնարավորությունները գրեթե զրոյացան քննության առաջին՝ «հիստերիկ» փուլի ժամանակ: «Ես այդ փուլը համարում եմ հիստերիկ փուլ, որովհետեւ այն իրավաբանության հետ որեւէ կապ չուներ՝ միայն ու միայն քաղաքականացված էր: Եթե կար բան բացահայտելու, էն ժամանակ, կարծում եմ, այդ հնարավորությունը թաղվեց», - ավելացրեց նա: - «Ցավոք սրտի, պրոցեսը այնքան քաղաքականացվեց, ամբողջ այս «27»-ի հետ կապված միջավայրը այնքան քաղաքականացվեց եւ այնքան բարիկադներով բաժանեցին հասարակությունը, որ հիմա դատավճռի որեւէ ելքի դեպքում միշտ մնալու են մարդիկ, որոնք չեն հավատալու արդյունքներին»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG