Մատչելիության հղումներ

Եվրոպական պաշտոնյաները Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն են տեսնում


Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ավարտին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) եւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Երեւանում հայտարարեցին, թե Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման «հնարավորության պատուհան» են տեսնում:

ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Յաապ դե Հոոպ Սխեֆերը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, ֆինն դիվանագետ Հեյկի Տալվիտիեն Հայաստանի մայրաքաղաքում առանձին բանակցություններ են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Բանակցությունների ավարտին Սխեֆերը լրագրողներին ասաց, որ նախագահների հետ ունեցած «շատ էական զրույցների» հիմնական թեման հակամարտության կարգավորման միջազգային ջանքերն են եղել: Նա ընտրական շրջանի սահմանափակումներից ազատված Հայաստանի նախագահ Քոչարյանին եւ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւին հորդորել է առաջ ընթանալ փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ:

«Ես ասացի նախագահին, որ անկեղծորեն հույս ունեմ, թե այս երկրում որոշ ժամանակ առաջ անցկացված ընտրությունները, եւ բոլորովին վերջերս Ադրբեջանում անցկացված ընտրությունները... «հնարավորության լուսամուտ» են բացելու Ղարաբաղյան բանակցությունները ավարտին հասցնելու համար», - ասաց Սխեֆերը՝ ավելացնելով, որ նույնը կփոխանցի Իլհամ Ալիեւին, ում հանդիպելու է Բաքվում չորեքշաբթի օրը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները տարիներ ի վեր փորձում են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման փոխընդունելի տարբերակ գտնելու գործում: Համանախագահների հերթական տարածաշրջանային այցը՝ նոր առաջարկություններով, ակնկալվում է առաջիկա շաբաթներին: Սխեֆերը, որ շուտով ստանձնելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ասաց, թե չի քննարկել այդ առաջարկությունները Քոչարյանի եւ Ղուկասյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կենտրոնական է եղել տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, Հեյկի Տալվիտիեյի բանակցություններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահների հետ: Տալվետիեն նույնպես նշել է, որ հետընտրական իրավիճակը Հայաստանում եւ Ադրբեջանում կարող է նպաստավոր լինել բանակցային գործընթացը առաջ մղելու համար: «Տարածաշրջանի ապագայի համար շատ կարեւոր կլինի Ադրբեջանի նոր նախագահի դիրքորոշումը», - ասել է Տալվետիեն:


Հարչ Մելքումյան եւ Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG