Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը կրկին դուրս թողնվեց եթերից


Երկուշաբթի օրը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակեց հեռուստատեսային երկու կապուղիների մրցույթի արդյունքները: 2002 թվականի ապրիլին նույն հանձնաժողովի՝ միջազգային կազմակերպությունների խիստ քննադատությանն արժանացած որոշմամբ իր զբաղեցրած կապուղուց զրկված «Ա1+» հեռուստաընկերությունը արդեն որերորդ անգամ պարտվող է հայտարարվում ՀՌԱՀ-ի կողմից:

Նախագահ Քոչարյանի կողմից նշանակվող հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը այս անգամ «Ա1+»-ի ներկայացրած մրցութային առաջարկին «Ար»-ի եւ «Արմնյուզ»-ի (այս լոգոյով հեռարձակվում է «Սինեմաքս» հեռուստաընկերությունը ) առաջարկները գերադասելը հիմնավորեց «Մելտեքս» ընկերության կողմից (որի մեջ մտնում է «Ա1+»-ը), իր կարծիքով՝ «կեղծ տեղեկատվություն ներկայացնելու» հանգամանքով:

«Ես անձանբ գնահատել եմ [«Ա1+»-ի մրցութային առաջարկը]՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարզ պարագայում տրված է կեղծ տեղեկատվություն», - մրցույթի արդյունքների հրապարակումից հետո հրավիրված ասուլիսում ասաց Գրիգոր Ամալյանը: Այն, որ ներկայացված տեղեկատվությունը կեղծ է, Ամալյանը պարզել է հեռուստաընկերության ներկայացուցչի տված բանավոր պատասխանից: Իսկ պարզել է նա հետեւյալը. նախ՝ հեռուստաընկերության ինտելեկտուալ սեփականությունը (նկատի են առնվում «Ա1+»-ի ստեղծագործական աշխատակազմի ուսուցման եւ անցած տարիներին նրանց վարձատրելու վրա ծախսված գումարները) ոչ օրինական ձեւով է գնահատվել 400 հազար դոլար, երկրորդ՝ ֆիլմադարանում 300 հազար դոլար արժողությամբ 10 հազար ֆիլմերից ոչ բոլորն են լիցենզավորված:

ՀՌԱՀ-ի նախագահի համոզմամբ, նշվածն արդեն լուրջ խոչընդոտ է «Ա1+»-ին լիցենզիա տրամադրելու համար. - «Դրանց ընդհանուր գումարը 700 հազար դոլար է ներկայացված 1 միլիոն 250 հազար դոլար կատարված ներդրումներից: 700 հազար դոլարի պարագայում արդեն տեսնում ենք, որ ներկայացված տեղեկությունները ճիշտ չեն, չեն համապատասխանում իրականությանը», - փաստարկեց Գրիգոր Ամալյանը՝ շարունակելով. - «Իսկ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրված է՝ եթե հեռուստաընկերության կողմից տրվել են կեղծ տվյալներ, կեղծ տեղեկատվություն, դա կարող է հիմք հանդիսանալ լիցենզիան մերժելու համար»:

«Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի պնդմամբ, բնականաբար, ներկայացված տվյալները կեղծ չեն: Մովսեսյանը տեղեկացրեց, որ իրենք կրկին հայց են ներկայացնելու դատարան՝ վիճարկելու մրցույթի արդյունքները: Նրա համոզմամբ, «Արմնյուզ» անվանումով ձեռնարկություն գոյություն չունի, «Արմնյուզ» լոգոյի օգտագործումը անօրինականություն է, ինչի «վրա աչքերը փակել է պարոն Ամալյանը»:

Մովսեսյանի խոսքերով, մրցույթին, փաստորեն, մասնակցել է «Սինեմաքս» ընկերությունը, որը շուրջ 10 ամիս «Արմնյուզ»-ի լոգոյով է հեռարձակվել: Հակադարձելով սրան՝ Գրիգոր Ամալյանը ասաց. - «Հեռուստաընկերությունը ազատ է ընտրել իր լոգոն եւ ազատ է ընտրել իր ալիքի անվանումը»:

Հարցին, թե ովքեր են «Արմնյուզ» ընկերության բաժնետերը, Ամալյանը նախ վստահ ասաց, թե ընկերության միակ բաժնետերը «Մաքս գրուփ» ընկերությունն է. - «Միանշանակ: Ես երբ ասում եմ՝ հաստատ եմ հիշում... Երրորդ անգամ կրկնում եմ՝ «Սինեմաքս»-ի ներկայացրած փաստաթղթերով, ընկերությունն ունի մեկ բաժնետեր, որը կոչվում է «Մաքս գրուփ»:

Քիչ անց, այդուհանդերձ, Ամալյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի ճնշման տակ, ստիպված էր ընդունել, որ «Արմնյուզ»-ի բաժնետերերը երկուսն են: Հրապարակելով ասուլիսի ընթացքում իրեն փոխանցված տեղեկանքը, Ամալյանը ասաց. - «Ուրեմն նոր փոփոխություն կա, որը ես հիմա ձեզ ընթերցեմ: «Մաքս կոնցեռն»՝ 50 տոկոս, եւ Էդգար Ավագյան [«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգայանի ազգականը]՝ 50 տոկոս... Ես ձեզ ասեմ, որ անգիր ես չեմ կարող հիշել բոլոր բաժնետերերին»:

Ի դեպ, «Ա1+»-ի ծրագիրը գնահատելուց առաջ Գրիգոր Ամալյանը հրապարակեց «Շեն» կոնցեռնի նախագահի գրությունը, ըստ որի հեռուստաընկերությունում 200 հազար դոլարի ներդրում կատարելու մասին պարտավորագիր-երաշխավորագիրը՝ կոնցեռնի նախագահի տեղակալի ստորագրությամբ, վավեր չէ, քանի որ ներդրումային ծրագրերին մասնակցության մասին որոշումները կայացնում է «Շեն» կոնցեռնի տնօրենների խորհուրդը, եւ տնօրենի տեղակալը նման փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ հիշյալ գրությունը ճնշումների արդյունքն լինի, Մեսրոպ Մովսեսյանը խուսափեց պատասխանել՝ ասելով, սակայն, թե իրենց մյուս ներդրողների հետ «նման զրույցների փորձ եղել է»:

«Արտասահմանյան իմ գործընկերոջը [Հայաստանի դեսպանատան աշխատողները] զանգահարել են եւ հարցրել են՝ այդ ի՞նչ ներդրումներ եք անում Հայաստանում», - հայտարարեց նա:


Անցած հուլիսին, «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու մասին ՀՌԱՀ-ի հերթական որոշումը արժանացել էր նաեւ կառավարող կոալիցիայի անդամներից Դաշնակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) բավական կոշտ քննադատությանը, որը հնչեցրել էին, մասնավորապես, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ) եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ): Երկու կողմից էլ տեսակետ էր առաջադրվել, թե համապատասխան օրենդրությունը հարկավոր է փոփոխել այնպես, որ կապուղիների տրամադրման ընթացակարգում բացառվեն սուբյեկտիվ մոտեցումները:

Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը այսօր տեղեկացրեց, որ նշված փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները արդեն պատրաստ են եւ խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն առաջիկա եռօրյաներից մեկում:

Փոխանցելով իր տպավորությունը այսօր հրապարակված մրցույթի արդյունքների վերաբերյալ՝ Տիգրան Թորոսյանը, որոշակի տարբերություններ տեսնելով վերջին եւ հուլիսյան մրցույթների միջեւ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այնուամենայնիվ, մրցույթին մասնակցում էին այնպիսի հեռուստաընկերություններ, որոնց թողարկման որակը էապես ավելի բարձր էր, քան նախորդ մրցույթում շահած ընկերություններինը»:

Թորոսյանը, ով նաեւ Եվրախորհրդում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է, անդրադառնալով այդ կառույցում «Ա1+»-ի խնդրի արծարծումներին եւ ՀՌԱՀ-ի այսօրվա որոշման հնարավոր հետեւանքներին, ասաց. - «Հավանաբար ինչ-որ հետեւանքներ կլինեն: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք, օրինակ, այս մրցույթի հետ կապված լիովին համոզել մեր գործընկերներին, որ իսկապես անաչառ մրցույթ է անցկացվել»:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի գնահատականը, դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ներկայացմամբ,բնականաբար, շատ ավելի կոշտ էր:

«Գործող խունտան ցույց տվեց, որ նա միայն խոսքերով է կողմնակից ազատ խոսքի եւ ազատ լրատվամիջոցների անկախությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դալլաքյանը: - «Եվ, ըստ էության, «Ա1+»-ի փակումը եւ դրանից հետո տեղի ունեցած գործընթացը մեկ անգամ եւս վկայում են, որ Հայաստանում իշխանությունը բռնազավթել է խունտան»:


Կարինե Քալանթարյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG