Մատչելիության հղումներ

Ջավախքը սպասում է հայաստանյան հոսանքին


Նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Էդուարդ Շեւարդնաձեն Հայաստանի իշխանություններին հորդորում է էլեկտրաէներգիա մատակարարել, մասնավորապես Ջավախքի շրջանին:

Վրաստանում էներգետիկ ճգնաժամ է: Եվ բանակցություններ վարելու նպատակով 2 օրով Հայաստան է եկել Սամցխե- Ջավախեթիում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գելա Կվարացխելիան, որը պաշտոնավարում է այս տարվա օգոստոսից: Պատվիրակության կազմում են Ախալքալաքի շրջանային վարչության պետ Արտյուշա Համբարձումյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության պետ Ռաֆիկ Արզումանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:


Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր նրանք բանակցել են նաեւ վարչապետի հետ, իսկ երեկ հանդիպում են ունեցել Ազգային Ժողովի նախագահի հետ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ այցի հիմնական նպատակը Հայաստանից Էլեկտրաէներգիա ստանալն է:

Ախալքալաքում օրերով հոսանք չի լինում, կամ ընդամենը 1-2 ժամով են ստանում. Բնակչությունը դժգոհ է: Մինչդեռ Ախալքալաքը վճարում է հոսանքի դիմաց, իսկ այդ փողերը, ըստ պատվիրակության ներկայացուցիչների, ուղղակի չեն հասնում Հայաստան:

Արդյունքում, Սամցխե - Ջավախեթիի տարածաշրջանը Հայաստանից ստացած էլետրաէներգիայի դիմաց պարտք է 190 հազար դոլար. իսկ ընդհանուր Վրաստանը էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանին պարտք է 4 միլիոն դոլար:

Հայաստանի վարչապետն այսօր մասնակցում էր ուսուցչի օրվան նվիրված հանդիսությանը: Տարվա լավագույն ուսուցչին ու մանկապարտեզի լավագույն դաստիարակին նա ավտոմեքենա նվիրեց: Օգտվելով լրագրողների հետ հանդիպման առիթից, հարց ուղղվեց վարչապետին, թե Վրաստանի պատվիրակության բանակցություններում ի՞նչ են որոշել, էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում համաձայնության եկե՞լ են:

Նախընտարական շրջանում Ջավախքի հոսանքազրկումը Հայաստանի վարչապետը վտանգավոր իրավիճակ է համարում: Եվ, նրա կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը կփորձեն շահարկել լույս չլինելու հանգամանքը, ի հաշիվ մեր հայրենակիցների կստեղծեն նպաստավոր պայմաններ՝ ազգամիջյան լարվածություններ առաջացնելու համար: Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ վարչապետն ասաց, որ օր առաջ պետք է փորձեն այդ շրջաններն ապահովել հոսանքով:

Սակայն վարչապետի խոսքերից զգացվեց նաեւ, որ Հայաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ պարտքերի մարման առումով, չնայած Ջավախքի բնակչությունը մեղք չունի, քանի որ վճարումները կատարել է:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության ծանուցմամբ, Գելե Կվարացխելին ՀՀ վարչապետին փոխանցել է Վրաստանի նախագահի ողջույնները եւ նշել, որ իր երկիրը պատրաստակամ է մինչ այժմ ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրագործման ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել նաեւ կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Նա հույս է հայտնել, որ ընտրություններն իր երկրում ներքաղաքական անկայունության չեն վերաճի, եւ աստիճանաբար կկայունանա նաեւ տարածաշրջանը:

Ի պատասխան, ՀՀ վարչապետը նշել է, որ Վրաստանում կայուն վիճակը նաեւ Հայաստանի շահերից է բխում: Զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանային համատեղ նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Վրաստանի նախագահի պետական լիազոր ներկայացուցիչը հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ էներգետիկայի բնագավառում համագործակցության, Վրաստանին մշտապես աջակցության ձեռք մեկնելու համար եւ վստահեցրել է, որ առկա խնդիրները՝ պարտքի մարման եւ այլնի հետ կապված, վրացական կողմին աշխատում է հնարավորինս շուտ լուծել: Նշելով, որ ընդհանուր թշնամիները փորձում են ցանկացած հնարքով ազգամիջյան, էթնիկական բախման պատճառներ փնտրել եւ սրել հարաբերությունները հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ, նա ընդգծել է, որ դա նրանց չի հաջողվի:

Գելե Կվարացխելին տեղեկացրել է նաեւ, որ իրենք այժմ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նոր մոտեցումներ են մշակում: ՀՀ կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ջավախքի տնտեսական ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացներին:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG