Մատչելիության հղումներ

Զանգվածային լրատվությանն առնչվող օրինագծերի փաթեթը քվեարկվեց


Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զանգվածային լրատվությանն առնչվող օրինագծերի փաթեթը` 69 կողմ, ինը դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով: «Արդարություն» խմբակցությունը բոյկոտեց քվեարկությունը: Մյուս ընդդիմադիրը՝ «Ազգային միաբանություն», խմբակցությունը դեմ քվեարկեց: Կոալիցիայի խմբակցությունները քվեարկեցին կողմ:

«Ոչ գրաքննությանը» կարգախոսով երեկվա պես այսօր էլ պատգամավորական մուտքը շրջափակած Մամուլի ազգային ակումբը տարակուսած է, թե ինչպե՞ս են Հանրապետականի պատգամավորներ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Դանիելյանը հասցրել գրանցվել նիստին ու կողմ քվեարկել, երբ քվեարկության պահին դեռեւս նոր պիտի անցնեին Ազգային Ժողովի այգին եզրափակող այդ անցակետը:

Կառավարության հեղինակած նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, երբ գարնանը գրեթե նույնաբովանդակ փաստաթուղթը չանցավ խորհրդարանում, հայտարարեց, թե հաղթեց լրագրողական մաֆիան: Այսօր Աշոտ Աբովյանը խորհրդարանում չէր:

Նախագիծն ընդունվեց փաստորեն պայմանով, որ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում կներառվեն համապատասխան հանձնաժողովի հետ համաձայնեցված փոփոխությունները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի նաեւ լրատվական հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ի պատասխան հարցին, թե երաշխիք տեսնու՞մ է, որ հեղինակը կընդունի իրենց այդ առաջարկները, պատասխանեց, որ բոլոր հարցերը լուծված են: Նրա խոսքերով, այս աղմուկը փաստաթղթի շուրջ ավելորդ է: Արդարադատության նախարարությունը նոր տարբերակ չբերեց, քանի որ նրանք հանձնաժողեովի հետ չեն աշխատել եւ ամռանն են ներկայացրել օրինագիծը: Երկար ժամանակ պիտի անցներ, մինչեւ նորը բերվեր, ասաց Հրանուշ Հակոբյանը՝ վկայակոչելով խորհրդարանում հարցերի քննարկման ընթացակարգը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովը միաձայն ընդունեց տեղեկատվության ազատության մասին օրենքը, որն այժմ սպասում է երկրի նախագահի ստորագրությանը: Այսօր քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանի հեղինակած մի նախագիծ եւս, որով վարչական իրավախախտումների օրենքում առաջարկվող լրացումներով՝ զանգվածային լրատվամիջոցների թողարկման ազատությունը սահմանափակելու կամ տեղեկատվություն տալու պարտականությունը չկատարելու համար տուգանք է նախատեսվում, համապատասխանաբար՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի եւ տասնապատիկի չափով: Տուգանքներ են նախատեսվում նաեւ էրոտիկ կամ սարսափ հաղորդումների, ֆիլմերի՝ արգելված ժամերին հեռարձակման կամ արգելված վայրերում վաճառքի համար: Այս վերջին դրույթները «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքում ընդրգկելու նախաձեռնություն կլինի երկրորդ ընթերցման փուլում:

Ազգային Ժողովն այսօր երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունեց սոցիալական ապահովության քարտերին առնչվող փաթեթը՝ ճակատագրի հեգնանքով՝ 66 կողմ ձայնով:

Հարցի հիմնական զեկուցողը՝ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը, օրենքի ընդունումից անմիջապես հետո հրավիրած ասուլիսում այս առիթով ասաց, որ կառավարությունն ընդառաջել է նման նախապաշարումներ ունեցողներին, եւ համակարգչային ծրագրի փոփոխությամբ, որեւէ քարտ չի ունենալու 666 նիշերի արտահայտությունը: Նախարարը մեկ անգամ եւս հայտարարեց, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ Կառավարության բանակցությունների արդյունքում օրենքում լուծված են նաեւ կրոնական ընկալումների հետ կապված բոլոր բացերը:

Նախկին օրենքում, որն անհատական ծածկագրերի եւ ոչ թե քարտերի համակարգ էր սահմանում, հստակորեն սահմանված չէր, թե ոչ կառավարական ո՞ր կազմակերպությունները կարող են օգտվել քարտերում կուտակվող տեղեկություններից: Այժմ այդ հարցը հստակեցված է: Օրենքում, ամեն դեպքում, նշվում է, որ Կառավարությունն է սահմանում իրավասու մարմինների ցանկը, քաղաքացիների անհատական տվյալները լիազորված մարմին փոխանցելու կարգը:

Ընդդիմախոսներն, այնուամենայնիվ, մտավախություն ունեն, որ տեղեկատվության գաղտնիությունը խախտվելու դեպքում համակարգը կարող է նաեւ որոշակի ճնշամիջոց դառնալ առանձին մարդկանց դեմ: Օրենքը, չնայած, գաղտնիության երաշխիքն ամրագրում է:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG