Մատչելիության հղումներ

«ԶԼՄ-ների մասին նախագծի հեղինակները համառորեն չեն ուզում շտկել օրինագիծը»


Սեպտեմբերի 23-ին Խորհրդարանը կշարունակի «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ: Ապա, ամենայն հավանականությամբ, առաջին ընթերցմամբ կքննարկվի Զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը:

«Մամուլի ազգային ակումբ»-ը կոչ է արել լրագրողներին, նիստը սկսվելուց առաջ հավաքվել խորհրդարանի մուտքի մոտ եւ ներս մտնող պատգամավորներին հորդորել կամ չմասնակցել օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությանը կամ դեմ քվեարկել՝ վկայակոչելով, որ նախագիծը եռօրյա նիստերի օրակարգ է ընդգրկվել քվեարկության խախտումներով:

Նախորդ ուրբաթ հրավիրված ասուլիսում մշակույթի, գիտության եւ լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը փոխանցեց, որ կառավարության հետ համաձայնության են եկել մի շարք սկզբունքային հարցերի շուրջ: Այդքանով հանդերձ, հուլիսի վերջին Ազգային Ժողովում շրջանառության մեջ դրված նախագիծը գրեթե չի տարբերվում նախորդ խորհրդարանում տապալված օրինագծից:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորներն այսօր առաջարկեցին հետաձգել նախագծի քննարկումը՝ տարբեր հիմնավորումներով: Շավարշ Քոչարյանը տեսակետ հայտնեց, թե ցավալի է, որ նախագծի հեղինակները համառորեն չեն ուզում շտկել օրինագիծը: Նա հիշեցրեց Հայաստանում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների գրավոր հորդորն Ազգային Ժողովի նախագահին՝ քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգիրք «զրպարություն եւ վիրավորանք» հոդվածները տեղափոխելու մասին: Եվ, քանի որ դա անմիջապես առնչվում է զանգվածային լրատվությանը, Շավարշ Քոչարյանի կարծիքով, շատ տրամաբանական է, որ նույն փաթեթում ընդգրկված լիներ նաեւ համապատասխան փոփոխությունը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով, Աժ իրավաբանական վարչությունը ուսումնասիրել է խնդիրը եւ եկել եզրակացության, որ բազմաթիվ եվրոպական երկրներում զրպարտության համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Ըստ նրա, սակայն արդարացի չէ եւ քննարկման կարիք ունի այն հարցը, որ պաշտոնյային վիրավորելու եւ զրպարտելու համար առավել խիստ պատիժ է սահմանաված, քան սովորական քաղաքացուն վիրավորելու եւ զրպարտելու համար:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ինչպես նաեւ Արշակ Սադոյանը, մեջբերումներ էին անում Մամուլի ազգային ակումբի տարածած հայտարարությունից, թե՝ «օրինագիծն ընդունելու շտապողականությունը թելադրված է քաղաքական դրդապատճառներով: ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն բանակցային սեղանին է դրել նոր առաջարկներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ: Դրանց քննարկման նախօրեին ԶԼՄ-ների նկատմամբ իշխանական վերահսկողությունը սաստկացնող օրենքի ընդունումը ունի մեկ նպատակ՝ խոչընդոտել դրանց գաղտնազերծմանը»:

Արթուր Բաղդասարյանը նախ նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված նման բան ինքը չի լսել: Հայտնեց նաեւ, որ ԶԼՄ-ների մասին որեւէ այլընտրանքային նախագիծ շրջանառության մեջ պաշտոնապես չկա, եւ եթե պատգամավորները ցանկություն ունեն շրջանառության մեջ դնել նոր օրինագիծ, կարող են համաձայնության գալ:

ԱԺ նախագահի խոսքերով, Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ կապված օրինագծերը անընդհատ հետաձգելու մտադրություն չունի, եւ այդպիսի բոլոր նախագծերը դրվելու են առաջնահերթ քննարկման, իսկ քաղաքական ուժերը կարող են իրենց դիրքորոշումները ներկայացնել:

Ազգային Ժողովն այսօր քննակեց նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծով քաղաքացիների տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը պաշտպանվում է դատական կարգով, բայց նախագծի համահեղինակները հույս ունեն, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումից հետո, այդպիսի լիազորություններ պետք է վերապահվեն նաեւ օմբուդսմենին: Քվեարկությունը տեղի կունենա հարմար պահի:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG