Մատչելիության հղումներ

«Ագոյի խումբը» Հայաստանից մեկնում է իշխանություններից ստացած երաշխիքներով


Հայաստանի ղեկավարությունը «ավելի հստակ ու կոնկրետ» խոստումներ է տվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում գործող Հայաստանի պարտավորությունների վերահսկման հատուկ պատվիրակությանը, ինչի մասին հայաստանյան հանդիպումները ամփոփող ասուլիսում հայտարարեց պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Էրկոլե Ագոն:

Արդեն երրորդ անգամ Հայաստան այցելող դեսպան Ագոյի խոսքում ակնարկներ հնչեցին, թե մինչ այսօր կարելի էր բացասական նիշով գնահատել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարումը, բայց այսօրվա հայաստանյան հանդիպումներից հետո Երեւանից մեկնում են ակնկալիքով եւ ստացած խոստումներով, թե՝ երկար հետաձգումներից հետո Հայաստանը արագ լուծումներ կտա իր ստանձնած պարտավորությունների կատարմանը:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում փոխանցմամբ՝ Հայաստանի իշխանությունները եւ քաղաքական ուժերը «երաշխիքներ են տվել այս պատվիրակության անդամներին»:

Նախագահ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, դեսպան Ագոն ներկայացնելով իրենց դիտարկումներն ու նկատառումները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ, մատնանշել է «որոշ կետեր, որոնք դեռեւս իրագործման կարիք ունեն»:

«Նախագահը մանրամասն պարզաբանումներ է տվել բարձրացված հարցերի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերել են Մարդու իրավունքների համաեվրոպական հռչակագրի 6-րդ արձանագրության վավերացմանը, այլընտրանքային զինվորական ծառայությանը, սահմանադրական բարեփոխումներին», - ասված է հաղորդագրությունում:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի՝ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Ինչպես ասուլիսում փոխանցեց Վարդան Օսկանյանը, պատվիրակության այսօրվա հանդիպումներում հիմնական շեշտը դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ արձանագրության վավերացման, Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության բարեփոխման վրա:

Ավելի վաղ, արտգործնախարարությունում ընդունելով պատվիրակությանը, նախարարը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ներկայիս վիճակը, քանի որ դա էլ մեր պարտավորությունների շրջանակում է:

Պիետրո Ագոն ասուլիսում շեշտեց, որ հանդիպումների ընթացքում իրենք բարձրացրել են նաեւ եթերից դուրս մնացած «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների հարցը:

Անդրադառնալով մահապատժի վերացմանը, դեսպան Ագոն ընդգծեց, որ այդ պարտավորության կատարումը Հայաստանին զերծ կպահի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից երկրի դեմ հնարավոր քայլերից. մինչեւ տարեվերջ մահապատիժը չվերացնելու դեպքում ժամանակավորապես կարող են սառեցվել Հայաստանի լիազորությունները Եվրախորհրդում:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ագոյի խմբի» անդամների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ սեպտեմբերի սկզբին խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը կքննարկեն մահապատժի վերացման եւ մյուս պարտավորությունների հարցը:

Ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են անցած ընտրություններին, մահապատժի վերացմանը վերաբերող հարցեր: «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի փոխանցմամբ, իրենք հատկապես բարձրացրել են ընտրակեղծիքներ իրականացնողներին պատժելու հարցը:

«Եվրախորհրդի պահանջներից է բխում պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրականացրել են կեղծիքներ», - հանդիպման ժամանակ ասել է Դեմիրճյանը՝ ավելացնելով, որ առայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Հարկ է նշել, որ ավելի ուշ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը Եվրախորհրդի պատվիրակությանը տեղեկացրել է, որ ընտրակեղծիքների առիթով դատախազությունը 26 քրեական գործ է հարուցել, որոնցից 6-ը արդեն դատարան են ուղարկվել:

Մահապատժի վերացումը ընդդիմադիր դաշինքի ղեկավարը շարունակում է վաղաժամ համարել Հայաստանի համար: «Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո երկրում տիրում է ամենաթողությունը եւ անպատժելիությունը», - ասել է Ստեփան Դեմիրճյանը:

Դեմիրճյանը խուսափեց պատասխանել հարցին, թե պատվիրակության անդամները ինչպես արձագանքեցին նման տեսակետին: «Անկախ այն բանից, թե ով ինչպես է արձագանքում, ես մնում եմ իմ տեսակետին», - ասաց նա:

Մահապատժի վերացմանը դեմ է նաեւ «Արդարություն» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, ում փոխանցմամբ՝ իրենք Եվրախորհրդի պատվիրակությանը ներկայացրել են նաեւ հետեւյալ պարզաբանումը. - «Եթե իշխանությունը լիարժեք ցանկություն ունենա որեւէ օրենսդրական փոփոխություն իրականացնելու կամ որեւէ խնդիր լուծելու, որը բխում է Եվրոպայի խորհրդի պահանջներից, նա կդնի եւ կլուծի այդ խնդիրը: Եվ իզուր թող չբարդեն իրենց չարած գործերը ընդդիմության վրա՝ իբր ընդդիմությունն է խոչընդոտում այն կամ այն հարցի լուծումը»:

«Ագոյի խմբի» անդամները վաղը կմեկնեն Վրաստան, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջան:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG