Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Լոգոս» հետազոտական կենտրոնի տնօրեն Նաիրի Բադալյանի՝ եթե խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը չկեղծեր ընտրությունները, ապա համամասնական ընտրություններում «Արդարություն» դաշինքը կստանար 15 մանդատ, «Օրինաց երկիրը»՝ 14, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ 13-ական, «Ազգային միաբանությունը»՝ 10, ՄԱԿ-ը՝ 6, ՀԺԱՄ-ը՝ 4։ Իրենց անցկացրած մի շարք մոնիտորինգային հարցումների արդյունքներից ելնելով, կենտրոնը պնդում է, որ Հանրապետական կուսակցության օգտին լցոնվել կամ հավելագրվել է ավելի քան 140 հազար ձայն, ինչի հետեւանքով նրանց հավաքած տոկոսները կրկնապատկվել են: «Առավոտ» թերթում ներկայացվող վերլուծականում «Լոգոս» կենտրոնի ղեկավար Նաիրի Բադալյանը նշում է. - «Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ազդեցության աճը արձանագրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության անկման հաշվին։ Այս ընտրություններում հանրապետության նախագահի օժանդակության ակնկալիքով 5 տոկոսանոց սահմանարգելքը հաղթահարելու նպատակ ունեցող երկրորդ էշելոնի քաղաքական ուժերը՝ ՀԺԱՄ, ՀՌԱԿ, «Հզոր Հայրենիք» եւ այլն, ոչ միայն ձախողվեցին, այլ նաեւ հնարավորություն ունեցան արձանագրելու, որ քաղաքական տանիքի փնտրտուքն իրենց համար տակավին ավարտված չէ... Այն, ինչ կատարվեց, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, պարզապես «մենթալիտետի հարց է»։ Բայց հստակեցնենք, որ խոսքը ոչ թե հայ ժողովրդի, այլ հայաստանյան իշխանության մենթալիտետի մասին է», - բնորոշվում է վերլուծականում։

Ի դեպ, Երեւանի ընտրատարածքներից մեկում հաղթած Վերսանդ Հակոբյանը, ըստ որի՝ իր հիմնական մրցակցի պահանջով հիմա կատարվող ձայների վերահաշվարկի ընթացքում էլ լցոնումներ են արվում հօգուտ այդ մրցակցի, «Հայկական ժամանակ»-ի տարակուսանքին, թե դա տարօրինակ է, քանզի Վերսանդ Հակոբյանը շատ մտերիմ է Ռոբերտ Քոչարյանին, պատասխանել է. - «Ըստ ամենայնի, հանրապետությունում կան ուժեր, ովքեր ավելի վեր են կանգնած, քան նախագահը»:

Դիտարկելով, թե «Ո՞րն է իրական մեծամասնությունը» նոր Ազգային ժողովում, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը նշում է. - «Իշխանամետ ուժերի ձեռք բերած բացարձակ մեծամասնությունը, այդ թվում եւ նրանց շարքում հանրապետականների առավելությունը ձեւավորված խորհրդարանի վերին՝ երեւացող հարկն է միայն: Իսկ դրա խորքում առկա է մեկ այլ՝ ավելի հզոր մեծամասնությունը, որը ձեւավորված Ազգային ժողովում եւ, ինչու չէ, նաեւ ողջ երկրում տնտեսական ու քաղաքական իրական իշխանության տերն է: Դա խոշոր կապիտալի եւ գործադիր իշխանության ամուր դաշինքն է՝ նրանց տնտեսական ու քաղաքական շահերի սերտաճման ու համադրության միջոցով»: Մեկնաբանի ընդգծմամբ, Ազգային ժողովի ներկա ընտրությունները գալիս են փաստելու այն ակնհայտ իրողությունը, որ Հայաստանում իր ավարտին է մոտենում շուրջ 12 տարի տեւած «անցման շրջանը», երբ տնտեսական իշխանություն ձեռք բերող կապիտալը, սերտաճելով քաղաքական իշխանության հետ, դառնում է իշխող ուժ՝ իր պայմանները թելադրելով հասարակության մնացած մասին:

«Ազգ» թերթի մեկնաբանի դիտարկումներով, նախնական կանխատեսումներից միակ շեղումը, որը, ըստ ամենայնի, կստիպի նախագահին որոշակիորեն փոխել կառավարության պորտֆելների բաշխման տրամաբանությունը, կապված է «Օրինաց երկիր» կուսակցության՝ խորհրդարանում ներկայացվածության մակարդակի հետ. - «Ոչ ՀՀԿ-ն եւ ոչ էլ ՀՅԴ-ն, որ հավակնում էին բաժանել խորհրդարանական մեծամասնության տեղերը, չէին սպասում, որ «Օրինաց երկիրը» նման հաջողություն կունենա։ Մինչդեռ վերջինիս նպատակային քարոզչական քաղաքականությունը եւ հանձնաժողովների անդամներ գնելու գործելակերպը հատկապես մարզերում, գյուղական շրջաններում էապես անդրադարձավ քվեարկության արդյունքների վրա»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ «Բոլոր դեպքերում «Արդարությունը» խորհրդարանում կլինի միակ մաքուր ընդդիմությունը, եւ երկրում ուժեղ ընդդիմություն ունենալ-չունենալու հարցը հիմնականում կախված է հենց «Արդարություն» դաշինքից... Գեղամյանով հիացող ընտրողների ոչ սակավ հանրույթը հիասթափվեց իր առաջնորդից։ Գեղամյանը ստիպված կլինի որոշել՝ վերջապես որ ճամբարն է նախընտրում»:

«Ընտրությունները Հայաստանում անցան ինչպես միշտ՝ ինչպես ընդունված է 1995 թվականից», - գնահատում է «Առավոտ» թերթի խմբագիրը՝ արձանագրելով հետեւյալ դինամիկան. բռնություններն ու վարչական ճնշումները նահանջում են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով փողին, վարչական ռեսուրսի հետ հույսեր կապելն էլ շատերին կործանեց. այն աշխատեց միայն գլխավոր իշխանական ուժի համար՝ հանրապետական կուսակցության: Խմբագիրն այս ընտրությունների արդյունքում երեք լավ բան է տեսնում. - «ՀՅԴ-ն էապես չընդլայնեց իր ներկայությունը ԱԺ-ում, խորհրդարան չանցավ ոչ մի կոմունիստ, Սահմանադրության հանրաքվեն տապալվեց»: Այս առումով շեշտվում է. - «Կարեւոր է, որ այսօրվա եւ վաղվա իշխանությունները Հիմնական օրենքի նկատմամբ շտապողական ու թեթեւամիտ վերաբերմունք այլեւս չդրսեւորեն, ինչպես նաեւ չզուգակցեն հանրաքվեն եւ քաղաքական ընտրությունները»:

«Օրրան» թերթի ընդհանրական գնահատականով՝ «այսօր փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ոտքից գլուխ, իր բոլոր թեւերով ոչ լեգիտիմ է... Ե՞րբ ենք, վերջապես, քաջություն ունենալու հայտարարել, որ մենք դարձյալ ու վերստին նվաճված ժողովուրդ ենք ու նվաճված երկիր», - ձեւակերպում է «Օրրան»-ը՝ ընդգծելով. - «Մեր այսօրվա կարգավիճակի ազգային գիտակցումը պիտի ունենանք, որպեսզի այսօրվա ու վաղվա մեր անելիքը ճշտենք»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG