Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռոբերտ Քոչարյանի երեկվա կանխատեսությունը, թե խորհրդարանում մեծամասնություն կկազմեն նախագահամետ ուժերը, որոնք էլ կձեւավորեն կոալիցիոն կառավարություն, «Առավոտ» թերթը ընկալում է որպես համախմբվելու կոչ իր աջակիցներին. «Այսինքն՝ մի՛ կռվեք, մանդատները բոլորիդ էլ կբավականացնեն, նախարարական պորտֆելները՝ եւս»։ «Նախագահը ակնարկեց, թե պատրաստ է յոլա գնալ առանց բացահայտ ֆավորիտների եւ շնորհակալ լինել իր վերընտրմանը նպաստած բոլոր ուժերին։ Կհետեւե՞ն այդ կոչին իշխանամետ կուսակցությունները եւ «կծխե՞ն խաղաղության ծխամորճը», ցույց կտա ժամանակը», - բազմակետ է դնում «Առավոտ»-ը՝ ամեն դեպքում նախագահի կողմից հաստատված տեսնելով ընտրության արդյունքի հիմնական սցենարը: Նույն ելակետից այսօր «Հայոց Աշխարհ» թերթում վերլուծվում է, որ Ազգային ժողովի իշխանամետ մեծամասնությունը կարող է ձեւավորվել ու բյուրեղանալ ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հիմնական եւ բազմաթիվ միջանկյալ տարբերակներով: Առայժմ դիտարկվում է երկու հիմնական տարբերակ: Առաջին՝ հնարավոր է, որ հիմնական իշխանամետ կուսակցությունները (ՀՀԿ, ՀՅԴ, «Օրինաց երկիր») խորհրդարան մուտք գործեն՝ ունենալով գրեթե հավասար չափով տեղեր, կառավարությունն էլ կազմավորվի ըստ այդմ: «Վերջիններիս սերտ փոխգործակցության պարագայում ամենեւին էլ էական չի լինի 5 տոկոսի արգելքը հաղթահարած իշխանամետ այլ ուժերի աջակցությունը՝ ապագա կառավարությանը: Սակայն տվյալ տարբերակն ունի նաեւ իր խոցելի կողմը, քանի որ գրեթե հավասար ձայներ հավաքելու պարագայում անխուսափելի է դառնալու սուր եւ անցանկալի մրցակցությունը երեք ուժերի միջեւ», - նշում է մեկնաբանը: Առավել հավանական համարվող մյուս տարբերակն այն է, երբ հանրապետական կուսակցությունը խորհրդարանում տեղերի ակնհայտ առավելություն կունենա մյուս երկուսի հանդեպ: Այս դեպքում «ընդգծված առաջատարի դերում հայտնված կուսակցությունը, առավել եւս՝ ողջ իշխանությունը ձեռք է բերում զորաշարժերի շատ ավելի լայն դաշտ», - կարեւորում է մեկնաբանը, ըստ որի՝ «իշխանամետ մեծամասնության բաղկացուցիչ տարրերի մեծացումը ուղիղ համեմատական է այդ մեծամասնության համախմբման ու բյուրեղացման խնդրի հետ»:

«Օտարերկրյա գործիչները շարունակում են ասպատակել Հայաստանը, խախտելով Ընտրական օրենսգիրքը», - ընթացքից մատնանշում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Նրանց այս բացահայտ արհամարհանքը ոչ միայն չի արժանանում համարժեք վերաբերմունքի, այլեւ շոյում է խորհրդարան խցկվել երազող գործիչների ինքնասիրությունը»: «Հայկական ժամանակ» թերթն էլ առաջին էջին առանձնացրել է. - «Չնայած Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետն օտարերկրյա քաղաքացիներին արգելում է որեւէ կերպ մասնակցել հայաստանյան նախընտրական քարոզարշավին, երեկ ՀՌԱԿ-ի քարոզչության ժամին ելույթ էին ունենում Ռուսաստանի քաղաքացիներ»: «ՀՌԱԿ ղեկավարությունը հստակ գիտակցելով, որ խախտում է օրենքը, դիմել է այդ քայլին: Սա կոչվում է սովորական բեսպրեդել», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ստացվում է, որ Ռուբեն Միրզախանյանին ու իր ընկերներին մտահոգում է , ոչ թե ապօրինությունը, այլ՝ որ իրենցը չէ ապօրինություն թույլ տալու իրավունքը, ոչ թե թալանը, այլ՝ որ իրենք չեն այդ թալանի ղեկավարը, ոչ թե հարստահարությունը, այլ՝ որ իրենք չեն հարստահարողները»:

«Ակնհայտ է, որ այս քարոզարշավում դրսեւորվող «հայկական մենթալիտետի» առանցքային տարրերը ընդունակ են մեզ տասնամյակներով ետ շպրտելու քաղաքակիրթ կայացման գործընթացներից», - ընդգծվում է այսօր «Օրրան» թերթում: - «Գուցե ժամանակն է կոկորդով մեկ ճչալու, որ խորհրդարանն ինչ-որ տեղ նաեւ օրենսդիր մարմին է, եւ այս մարմնում երբեմն նաեւ կարեւոր, հասարակության համար բախտորոշ օրենքներ են ընդունվում: Ժամանակն է հայկական տխրահռչակ մենթալիտետի կրողներին հասկացնել, որ խորհրդարանը սեզոնային սերմացուի կամ տասը զույգ պրոտեզի հարց լուծելու համար չէ, այլ ունի «փոքր-ինչ» այլ գործառույթներ: Հասարակական գիտակցությունն ի վերջո պետք է հաշտվի այն մտքի հետ, որ խորհրդարանում պետք են նաեւ քիչ թե շատ կրթված, խելացի, պետությունից, օրենքներից, քաղաքականությունից գոնե մի փոքր գլուխ հանող մարդիկ: Վերջապես, որքան էլ դա անհեթեթ հնչի, խորհրդարանը նաեւ 131 աշխատատեղ է, ու բնավ պարտադիր չէ, որ դրանք զբաղեցնեն կասկածելի եկամուտներով հոռացած բթամիտ միլիոնատերերը: Այնուամենայնիվ», - եզրափակում է «Օրրան»-ը, - «պետք է խոստովանենք նաեւ, որ գոռալով, ճչալով ու կոկորդ պատռելով այդ «ազգաշեն» միտումը ջարդելն անչափ դժվար է: Թերեւս ժամանակ է պետք, որ բավականաչափ մեծ քանակ, հետեւաբար եւ որակ կազմող մի խիստ սպեցիֆիկ էլեկտորատ հասկանա, որ գնում է չգիտակցված ինքնասպանության ճանապարհով»:

«Դաշնակցությունը լսել է ժողովրդի ձայնը. փոփոխություններն անհրաժեշտ են», - յուրովի ավետում է այսօր «Երկիր» թերթն իր առաջին էջի ճակատին: Դաշնակցության պաշտոնաթերթում ընդգծված տեղ է հատկացվել եւ ընտրությունների օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովի հայտարարությանը, որ «խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացվում է բազմապիսի ընտրակաշառքների միջոցով, որոնց հիմնական հեղինակներն են ՀՌԱԿ-ը, ՀԺԱՄ-ը եւ «Օրինաց երկիր»-ը»: Եվ պետք է քննարկման դրվի այդ կուսակցությունների՝ ընտրությունների մասնակցելու իրավունքի հարցը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG