Մատչելիության հղումներ

2002 թվականի բյուջեի կատարողականը ուղարկվեց Ազգային ժողով


Կառավարությունն այսօր քննարկեց ու Ազգային ժողովի հաստատմանն ուղարկեց «2002 թվականի պետական բյուջեի կատարողականը»։ Նիստից հետո տրված ճեպազրույցում այդ փաստաթղթի հիմնական դրույթների պարզաբանմամբ հանդես եկավ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

Փոխնախարարի խոսքերով, անցյալ տարի փաստացի պետական եկամուտները կազմել են 228 միլիարդ դրամ՝ ծրագրած 223 միլիարդի փոխարեն, փաստացի ծախսերը՝ 263,9 միլիարդ դրամ՝ ծրագրած 264, 1 միլիրադ դրամի փոխարեն։ Պլանավորված դեֆիցիտի մասով նախատեսված 41,8 մլրդ դրամի փոխարեն արձանագրվել է 35,6 մլրդ դրամի կատարողական (ծրագրային ցուցանիշի 85,1 տոկոսը):

Գլխավոր գանձապետն ասաց, որ անցյալ տարվա ծախսերից միայն չեն կատարվել արտաքին աղբյուրների ֆինանսավորման հաշվին իրականացման ենթակա որոշ ծրագրեր, որոնք եւս ներառվում են բյուջեի մեջ։ Այդուհանդերձ, ըստ պարոն Ջանջուղազյանի, 2002 թվականին բյուջեի կատարման ռիսկերը ավելի բարձր չեն եղել, քան նախորդ տարիներին:

Կարելի է փաստել, որ 2002-ի պետական բյուջեն կատարվել է շատ բարձր՝ 12,9 տոկոս տնտեսական աճի պայմաններում: Այս տարվա բյուջեն 2002-ի համեմատ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով լուրջ աճ է նախատեսում։ Արդեն հրապարակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանում այս տարի սպասվող տնտեսական աճի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մեր տնտեսությունը կաճի 7 տոկոսով։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը համաձայն է նման կանխատեսում-գնահատականի հետ, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ նման հրապարակումները միշտ համաձայնեցվում են նախարարության հետ:

Փաստենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունն աճել է այդ նույն 7 տոկոսով: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի տնտեսական աճը 12 տոկոս էր կազմում։ Կարելի է արձանագրել, որ ցածր տնտեսական աճի կանխատեսումը առաջին հերթին պայմանավորված է 2003-ի՝ ընտրական տարի լինելու հանգամանքով, ինչը, բնականաբար, մեծացնում է ներդումների եւ տնտեսական աճի քաղաքական ռիսկերը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG