Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հերթական հանրահավաքն է անցկացնում


Մատենադարանի մերձակայքում ընդդիմության անցկացրած հերթական բազմահազարանոց հանրահավաքում այսօր ավելի շատ խոսվում էր մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդդիմության մասնակցության մասին:

«Այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը մտադրություն ունեն միասնաբար մասնակցել այդ [խորհրդարանական] ընտրություններին», - հավաքվածներին տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ շարունակելով, որ եթե ընդդիմությունը չմասնակցի այդ ընտրություններին, մայիսի 25-ին այդ ընտրությունները կանցկացվեն եւ իշխանությունները մեծամասնություն կունենան խորհրդանարում: - «Հետեւաբար մենք պետք է հայտ ներկայացնենք, որպեսզի դուրս չմնանք այդ պրոցեսից»:

Բազեյանի խոսքերով, երբ Ռոբերտ Քոչարյանի հարցը քննարկվելիս լինի Սահմանադրական դատարանում կամ Եվրոպական դատարանում եւ նախագահը գտնվի «կախյալ, շատ թուլացած» վիճակում, եւ ընդդիմությունը լուրջ հնարավորություններ ունենա Ազգային ժողովում ձեւավորել մեծամասնություն, այդ դեպքում միայն իրենք կմասնակցեն ընտրություններին: «Իսկ եթե մնաց նույն իրավիճակը, մնացին վարչախմբի բռնությունները, Ռոբերտ Քոչարյանը մնաց իր տեղում, մենք պարտադրված ենք բոյկոտ հայտարարել Ազգային ժողովի ընտրություններին»:

«Ակնհայտ է մեկ բան, որ մենք գնալու ենք համախմբման ճանապարհով եւ լինելու ենք հետեւողական օրինականության հաստատման գործում», - հարթակում «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանը: - «Ընդդիմությունը ոչ թե հույս ունի, այլ ընդդիմությունը համոզված է, որ հաղթելու է»:

ՀԺԿ նախագահի խոսքը վերաբերում է ինչպես Սահմանադրական դատարանին ներկայացվելիք դիմումին, այնպես էլ Ազգային ժողովի ընտրություններին:

«Սահմադրական դատարանին չվստահելու մենք որեւիցէ իրավունք չունենք», - իր ելույթում շեշտեց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, քանի որ, նրա խոսքերով, Սահմանադրական դատարանը չի խառնվել ընտրակեղծիքներին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, մինչդեռ, այսօր մերժեց Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանի հայցը՝ փաստարկելով, թե քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո ցանկացած վեճ ըստ էության վեճ է ընտրությունների արդյունքերի վերաբերյալ, իսկ դա Սահմադրական դատարանի գործն է: Դատավոր Պարգեւ Օհանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, եւ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե ինչու էր դատարանը փետրվարի 27-ին ընդունել Աշոտ Սարգսյանի հայցը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG