Մատչելիության հղումներ

Իրավաբանի պնդմամբ, Դեմիրճյանի հայցի քննումը Սահմանադրական դատարանում «քաղաքական երանգավորում» կունենա


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեցին Ստեփան Դեմիրճյանի շտաբից, անցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարան կներկայացվի մոտ օրերս: Շտաբի իրավաբաններից Վարդան Պողոսյանի կարծիքով, հարցի քննումը Սահմանադրական դատարանում «քաղաքական երանգավորում» կունենա:

«Սահմանադրական դատարանից պահանջվելու է, որպեսզի անվավեր ճանաչվեն նախագահական ընտրությունների արդյունքները», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Վարդան Պողոսյանը: - «Ըստ Ընտրական օրենսգրքի, եթե ընտրությունների արդյունքները անվավեր են ճանաչվում, նշանակվում են նոր ըտրություններ՝ նոր թեկնածուների առաջադրմամբ»:

Պողոսյանի փոխանցմամբ, ներկայացվելիք ծավալուն փաստաթուղթը ընդգրկելու է ընտրությունների նախապատրաստման ու կազմակերպման, քվեարկության անցկացման ու արդյունքների ամփոփման փուլերը:

«Հիմա մենք չենք ցանկանում ասել, թե որ պահերն են մեզ համար ավելի կարեւոր», - ասաց Վարդան Պողոսյանը: - «Ընդհանրապես Ընտրական օրենսգրքի այնքան շատ հոդվածներ են խախտվել այս ընտրությունների ընթացքում, որ մեր դիմումը բավականին մեծ ծավալ է ունենալու»:

Դիմումին կցվելու են Ստեփան Դեմիրճյանի վստահված անձանց բազմաթիվ բողոքներ:

Վարդան Պողոսյանը ամենեւին վստահ չէ, թե Սահմանադրական դատարանում հարցը զուտ իրավական բնույթ կկրի: «Մեր երկրում պետք է միամիտ լինել, որ կարծել, թե այսպիսի վեճերը միայն իրավական դաշտում են լուծվում», - ասաց նա՝ ավելացնելով, որ հարցը քաղաքական երանգավորում կունենա՝ «բայց ոչ մեր կողմից»:

Նախագահ Քոչարյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով իրավական դաշտում ընտրությունների արդյունքների վիճարկմանը, ասել էր. - «Ես միայն կողջունեի, եթե ընդդիմությունը դիմի Սահմանադրական դատարան»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG