Շուրջ երկու տարի տեւած բանակցություններից հետո Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունները երեքշաբթի օրը Երեւանում ստորագրեցին վերջապես «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը:
Ստորագրված համաձայնագրով, շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնվեցին Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը եւ 3 գիտական հաստատություններ՝ մաթեմատիկական մեքենաների, նյութագիտության եւ ավտոմատ կառավարման ինստիտուտները: Այս ցանկը երկու երկրների կառավարությունները համաձայնեցրել էին դեռ անցյալ տարի:
Համաձայնագիրը, Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների նախագահներ Անդրանիկ Մարգարյանի եւ Միխայիլ Կասյանովի ներկայությամբ, ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, ովքեր որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ վարել էին բանակցությունները:
Ստորագրվեցին նաեւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնցից մեկով մի քանի ամսով երկարաձգվում է գույքի փոխանցումը ռուսական կողմին: Երկու երկրների բնապահպանության նախարարները ստորագրեցին համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, իսկ անվտանգության ոլորտի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման մասին է:
Փաստաթղթերի ստորագրմանը հետեւած համատեղ մամուլի ասուլիսում Միխայիլ Կասյանովը ասաց, որ Հայաստանի ձեռնարկությունները Ռուսաստանի սեփականությանը հանձնելը համապատասխանում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերին:
«Կարծում եմ, 100 միլիոն դոլարը փոքր գումար չէ: Մենք կարծում ենք, քիչ չի վճարված՝ գույքը ճիշտ գնահատելու եւ վճարելու համար բավարար է», - հաշվարկեց Ռուսաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը պարտավորություն է վերցնում ապահովել այդ ձեռնարկությունների լիարժեք աշխատանքը:
«Այն, ինչ մենք արել ենք, մեծ արդյունք եմ ես համարում», - ասաց Անդրանիկ Մարգարյանը՝ ավելացնելով, թե կարեւորը առաջիկայում սպասվող արդյունքներն են: Նրա խոսքերով, գլխավոր արդյունքներից մեկն այն է, որ ստեղծվել է վստահության մթնոլորտ, որպեսզի «ռուսական կապիտալը աշխատի Հայաստանի էկոնոմիկայի համար»:
Միխայիլ Կասյանովին այսօր ընդունել է նախագահ Քոչարյանը: Հայաստանի նախագահը զրույցի ընթացքում հատկապես կարեւորել է ռուսական ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Միխայիլ Կասյանովի շեշտել է Ռուսաստանին փոխանցված ձեռնարկությունների նորմալ եւ արդյունավետ աշխատանքը ապահովելու հրամայականը:
Գնահատելով ստորագրված համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ասաց. - «Չէի ասի, որ ամենալավ լուծումն է, բայց ամենակարեւոր լուծումներից մեկն էր»:
Ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանի գնահատականը ավելի կտրուկ էր. - «Եթե այդ նույն մոտեցումը որդեգրեն նաեւ այլ երկրներ կամ այլ կազմակերպությունները, ապա Հայաստանից ոչինչ չի մնա»:
«Պարտքը մարվեց, եւ ձեռնարկությունները մնալու են, գործելու են Հայաստանում եւ, եթե կարողանանք մենք էդտեղ ապահովել համապատասխան պատվերներ, շուկան արդեն իսկ ապահովված կլինի, աշխատատեղեր կստեղծվեն», - ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, - «Այս առումով դրական ենք գնահատում»:
Հրաչ Մելքումյան, Երեւան