Ուրբաթ օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձր գնահատեց անցած կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ շեշտելով, որ դրանք էապես տարբերվում էին մեր մինչեւ օրս երկրում անցկացված բոլոր ընտրություններից:
«Այս աստիճանի չեզոք մեր իրավահապ մարմինները, ուժային կառույցները երբեք չեն եղել, եւ նույն սկզբունքները պահպանվելու են նաեւ առաջիկա նախագահական ընտրություների ժամանակ», - թերեւս իր նախընտրական հանդիպումների ակտիվ շրջանի սկիզբն ազդարարող՝ Երեւանի բժշկական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Մարդ պետք է, մեղմ ասած, շատ ոչ օբյեկտիվ լինի՝ չնկատելու համար, որ այս ընտրությունները էապես տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից»:
Նախագահը խոսեց նաեւ տնտեսական ձեռքբերումների մասին. դրանք նույնպես աննախադեպ են անցած բոլոր տարիների համեմատ: «Այսպիսի ցուցանիշներ Հայաստանը երբեք չի ունեցել», - նշեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ եղած բարձր աճը պահպանելու համար, առաջին հերթին, հարկավոր է պահպանել կայունությունը, շարունակել բարեփոխումները՝ նույնիսկ հաշվի չառնելով ընտրությունների հանգամանքը: Այստեղ նա կարեւոր համարեց նախընտրական պոպուլիզմի մեջ չընկնելը: «Պոպուլիզմին գերի դարձած քաղաքական գործիչը ուղղակի վտանգավոր է երկրի համար», - ասաց նախագահը:
Պատասխանելով ուսանողների հարցերին, նախագահը խոսեց գալիք ընտրություններում իր քաղաքական հենարանի մասին: «Ես համագործակցում եմ Հանրապետական կուսակցության հետ: Կարող եմ ասել, որ բավական արդյունավետ է այդ համագործակցությունը: Դաշնակցության հետ եւ «Օրինաց երկրի», - ասաց Քոչարյանը՝ ավելացնելով, որ արդյունավետորեն համագործակցում է նաեւ Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների հետ: - «Նոր հայտնաբերություններ չեն լինելու: Ես ընկերներ, բարեկամներ օրը մեջ փոխող չեմ»:
Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին, թե ժողովուրդը չի զգում տնտեսական աճը, Ռոբետր Քոչարյանը ասաց, թե տնտեսական աճը չի նշանակում, թե բոլորը Հայաստանում սկսեցին լավ ապրել: Նրա խոսքերով, դա ընդամենը նշանակում է, որ սկսեցին լավ ապրել 11 տոկոսով, եւ ամեն տարի այսքան աճ ունենալու դեպքում, շատ շուտով կերեւան դրա արդյունքները:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուսանողների հետ հանդիպումից հեռացավ առանց իր «Լոնժին» ժամացույցի. ներողություն խնդրելով անհամեստության համար ապագա բժշիկ Իգոր Միքայելյանը ասաց. - «Դեռ ինձ ոչ մի նախագահ նվեր չի տվել, եւ խնդրում եմ, ձեր ձեռքի ժամացույցը, եթե կարելի է, նվիրեք ինձ»:
Շաքե Ավոյան, Երեւան