Ներկայումս տեղական ինքնակառավարման մարմիններում ամենաշատ ներկայացուցիչներ ունեցող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, վաղը կայանալիք ընտրությունները «բախումնային ընտրություններ չեն լինելու»:
«Կուսակցությունը վերլուծել, ուսումնասիրել է բոլոր տեղերում թեկնածուների քանակային կազմը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Սահակյանը: - «Կարծում եմ, որ բախումնային ընտրություններ չեն լինելու»:
Թե ինչու բախումներ չպիտի լինեն ընտրությունների ընթացքում, Գալուստ Սահակյանը փորձեց հիմնավորել առաջադրումների ժամանակահատվածում լուրջ ընդհարումների բացակայությամբ: ՀՀԿ-ն փորձել է մեղմել բոլոր հնարավոր դրսեւորումները, որ կարող են առաջանալ գերդաստանային բախումների տեսքով, բացատրական աշխատանք է տարել գյուղերում:
Հանրապետության քաղաքների կեսից ավելիում քաղաքապետեր ունեցող կուսակցությունը, Գալուստ Սահակյանի խոսերով, իր վրա որոշակի պատասխանատվություն է վերցնում ընտրությունների ընթացքի համար:
«Որովհետեւ մեծամասամբ մեր թեկնածուներն են ընտրապայքարի մասնակցում, այդքանով նաեւ պատասխանատու ենք մեզ զգում», - ասաց Սահակյանը՝ կարծիք հայտնելով, թե վաղը երեկոյան պարզ կդառնա, որ «աղաղակող լարվածություններ չեն լինի»:
ՀՀԿ-ն ամենաշատ համայնքապետության թեկնածուներ է առաջադրել՝ 220, եւ հույս ունեն, որ հաջողության կհասնեն 200-201-ի դեպքում: Կուսակցությունը պաշտպանում է եւս 100 թեկնածուների, որոնք հանդես են գալիս որպես ՀՀԿ համակիրներ: Վերջիններիս 80 տոկոսը, ըստ Սահակյանի, նույնպես «անցողիկ է»:
Վաղը ընտրություններն անցնելու են Հայաստանի ավելի քան 650 համայնքներում, իսկ շուրջ 250-ում դրանք տեղի են ունեցել ավելի վաղ: Սահակյանի փոխանցմամբ, արդեն ընտրվածների 60 տոկոսը հանրապետական են կամ համակրում են ՀՀԿ-ին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք այս հանգամանքը գործոն չի դառնալու նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ արդյո՞ք դա չի առաջացնելու իշխանամետ մյուս կուսակցությունների՝ ՀՌԱԿ-ի (Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն), «Օրինաց Երկիր»-ի կամ ավելի մեծ ազդեցություն ունեցող ՀՅԴ-ի (հայ հեղափոխական դաշնակցություն) «խանդը», Սահակյանն ասաց, թե Դաշնակցության գործիչները եւ ոչ ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ վերջերս սկսել են այնպիսի հայտարաություներ անել, որ «կարծես միացել են ընդդիմությանը»:
«Գնալով հանրապետականների վարկը բարձրանում է եւ շանսերն են մեծանում», - ասաց նա՝ ավելացնելով, որ, գիտակցելով դա, նշված ուժերը ընդամենը փորձում են լուծել «հանրապետական կուսակցության տոկոսները իջեցնելով սեփական վարկանիշը բարձրացնելու խնդիրը»:
Անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի վերապահ արտահայտությանը Դաշնակացության իշխանամետ լինելու վերաբերյալ (Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել էր, թե Դաշնակցությունն իշխանամետ է այնքանով, որ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին), Գալուստ Սահակյանը ասաց, թե «քաղաքական դաշտում այդպես չի լինում:
«Մենք դա ընկալում ենք որպես կոնկրետ այդ քաղաքական գործչի բնավորության գիծ, եւ, ընդհանուր առմամբ, քաղաքական միտք չպարունակող գիծ»:
Սահակյանը, ի դեպ, տիրապետում է հստակ տեղեկատավության, թե մյուս իշխանամետ կուսակացությունները քանի թեկնածուով են մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Ըստ այդմ՝ Դաշանակցության թեկնածուների թիվը 70 է, «Օրինաց Երկիրը»՝ 37: Մնացածների թիվը փոքր է, եւ «նրանք եղանակ չեն փոխում»:
Արմեն Զաքարյան, Երեւան