Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը այսօր հերքեց իր կողմից մեկ շաբաթ առաջ արած հայտարարությունը, թե Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության ձգձգումը ամերիկյան կողմը պայմանավորում է այդ հեղինակավոր կառույցին Ադրբեջանի հետ մեր երկրի միաժամանակյա անդամակցությամբ։
Վարդան Խաչատրյանը անցած շաբաթ ասել էր, թե Միացյալ Նահանգներում ամերիկյան կողմի ակնարկն այդ մասին իր ղեկավարած պատվիրակությունը անընդունելի է համարել: «Չի կարող մի երկիր տնտեսական զարգացումները կապել մեկ այլ երկրի տնտեսական զարգացումների հետ, առավել եւս՝ եթե հանկարծ այդ երկիրը որոշի, որ ընդհանրապես չի ուզում դառնալ անդամ կամ չի կատարում այդ պահանջները: Կարծես թե, այս մեկնաբանությունն ընդունվեց, եւ այդ հարցը կլուծվի, համենայն դեպս, այդպես խոստացան՝ մինչեւ դեկտեմբեր իրենց առարկությունները ամբողջությամբ հանել», - հոկտեմբերի 3-ին հայտարարել էր Խաչատրյանը:
Իսկ այսօր նախարարը ասաց. - «Ես ասել եմ, որ կային, բայց դա ոչ թե այդ հանդիպման ժամանակ է եղել խոսակցությունը: 140-ից ավելի մասնակիցներ կան, միայն Ամերիկան չի մասնակցում... Եղել են այդպիսի խոսակցություններ, որ մենք ու Ադրբեջանը իրար հետ լինենք, բայց դա կապել այդ հանդիպման հետ, անիմաստ է»:
Հարց է առաջանում. եթե ամերիկյան կողմի հետ չի ընթացել այս խոսակցությունը, դեկտեմբերին այդ ի՞նչ առարկություններ հանելու մասին է Խաչատրյանի մեկ շաբաթ առաջ հնչեցրած խոսքը։ Ինչեւէ, նախարարի այսօրվա ասածը խնդրի առնչությամբ բոլորովին այլ շեշտադրումներ ուներ. - «Ես երբեք չեմ հայտարարել, որ այդ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը խոչընդոտում է: Ընդհակառակը՝ ասել եմ, որ հայ-ամերիկյան հանդիպման ժամանակ բոլոր հարցերը, որոնք մենք ներկայացրեցինք, ամերիկյան կողմը հայտնեց իր պատրաստակամությունը մեզ աջակցելու եւ հատկապես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու համար ի սկզբանե իրենք են աջակցել»:
Իսկապես, ամերիկյան կողմը աջակցել ու, ըստ ամենայնի, շարունակելու է աջակցել այդ կառույցին Հայաստանի բարեհաջող անդամակցությանը. մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը օրերս Կոնգրեսին հղած նամակում շեշտել է, թե Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործընթացին աջակցելը վարչակազմը դարձնելու է իր առաջնահերթություններից մեկը, եւ ԱՀԿ անդամ երկրների հետ բանակցություններ է վարում մինչեւ տարեվերջ Հայաստանի անդամակցության խնդիրը լուծելու նպատակով։ Ըստ «Ռոյթըր» գործակալության, Արմիթիջը իր նամակում հավելել է, թե վարչակազմը ճնշումներ է բանեցնելու Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս բացի Հայաստանի հետ սահմանը եւ վերականգնի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ։
Հարցին իրազեկ արեւմտյան փորձագետներից մեկի տեղեկացմամբ, դեռեւս այս տարվա հուլիսին ժնեւում ԱՀԿ աշխատանքային խմբի հանդիպումից հետո հայկական կողմը եւ նույնիսկ նրա կանադացի խորհրդատուն եզրակացրել են, թե ամերիկյան կողմի առարկությունները այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ վերջնական են։ Հայկական կողմը այս մեկնակետից ելնելով էլ սեպտեմբերի 25-ին Ազգային ժողովում շուտափույթ անցկացրել է այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է կանաչ լույս վառեին ԱՀԿ-ին անդամակցության ճանապարհին արդեն հոկտեմբերի կեսերին։
«Մինչդեռ, դա առարկությունների վերջնական ցանկը չի եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փորձագետը:
Դա է պատչառը, որ հայկական կողմի համար անակնկալ էր, երբ վերջերս Ամերիկյան առեւտրի ներկայացուցչի գրասենյակից ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցությանը հավելյալ առարկություններ պարունակող նոր գրություն ստացվեց։ Դրանք վերաբերում են Հայաստանում ներքին եւ օտարերկրյա ծագման մտավոր սեփակության եւ հեղինակային իրավունքների համատարած խախտումներին, ինչպես նաեւ դեղագործության լիցենզավորման վիճակին։
Ձայնագրային արդյունաբերության միջազգային ընկերակցության տվյալներով, 2001 թվականին Հայաստանում միայն երաժշտական ձայնասկավառակների ապօրինի օգտագործումը ընդգրկել է այդ շուկայի 85 տոկոսը, ինչը օտարերկրյա արտադրողներին 4,5 միլիոն դոլարի վնաս են հասցրել։
Հարցին քաջատեղյակ արեւմտյան մի դիվանագետ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ամերիկյան կողմի ներկայացրած հավելյալ պահանջները մտավոր սեփականության իրավունքների առնչությամբ գերազանցապես կապված են ԱՀԿ-ին ոչ այնքան Հայաստանի, որքան Ռուսաստանի առաջիկա անդամակցության հետ։ Ըստ դիվանագետի, ամերիկյան կողմը մտահոգություն ունի, որ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանին զիջումներ անելը կարող է անցանկալի նախադեպ ստեղծել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունից առաջ։ Վաշինգտոնում համոզված են, որ եթե Հայաստանի պարագայում այդ զիջումների գինը աննշան է, ապա ռուսական շուկայի չափերի համեմատ այդ կորուստները կլինեն ահռելի։
Նույն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց եւս մեկ ուշագրավ տեղեկություն. մինչեւ վերջերս ԱՀԿ անդամ հանդիսացող Թուրքիան երբեք խոչնդոտներ չի հարուցել այդ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին։ Հուլիսին ժնեւում կայացած հանդիպման ընթացքում, մինչդեռ, Թուրքիան Հայաստանից գրավոր երաշխիքներ է պահանջել, որ ԱՀԿ անդամ դառնալուց հետո վերջինս արդեն իբրեւ անդամ խոչնդոտներ չի հարուցի ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում։ Թուրքերը նաեւ պահանջել են հավաստել, որ ԱՀԿ փաստաթղթերում կֆիքսվեն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրի, Թուրքիայի այս պահանջները մասնակիցների մեծ մասը համարել է անլուրջ ու անհեթեհեթ։
Ատոմ Մարգարյան, Երեւան