Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը այսօր տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ մարզերի ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ընտրացուցակների դեռեւս ցավոտ մնացող հարցի վրա:
Նշելով, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին ուշի-ուշով հետեւելու են բազմաթիվ միջազգային դիտորդներ, ԿԸՀ-ի նախագահը ասաց. - « Ընտրացուցակների հարցում դեռեւս թերացումներ ունենք, որքան էլ որ ներկայացնում են մարզպետները, թե որեւէ խնդիր չկա: Այդ հարցը շահարկումների համար ամենապարարտ հող ստեղծող հարցն է, եւ մեկ անգամ եւս եթե մենք թույլ տանք ընտրացուցակներում այն թերացումները, որոնք առկա էին մինչ այժմ, մեր պետության վարկը կարող է շահարկվել»:
Սահրադյանի խոսքերով, ընտրացուցակների հետ կապված խնդիրներ Շիրակի մարզում՝ հատկապես Գյումրիում, Սիսիանում:
Խորհրդակցությանը մասնակցող մարզպետների վկայությամբ, նախընտրական այս փուլում համայնքներում լուրջ խնդիրներ չեն ծագել, բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվել է անկաշկանդ, առանց որեւէ լուրջ խնդրի առաջադրել իրենց թեկնածուներին: ԿԸՀ նախագահը, սակայն, նշեց, որ Կապանում եւ Սիսիանում լարված իրավիճակ է ստեղծվել:
«Երեկ մեր ներկայացուցիչները եղել են ե'ւ Կապանում, ե'ւ Սիսիանում», - ասաց Արտակ Սահրադյանը: - «Երկու քաղաքներում էլ խիստ լարված իրավիճակ է»:
Կապանում, ըստ լրատվամիջոցների հաղորդման, գործող քաղաքապետի եւ թեկնածուներից մեկի կողմնակիցների միջեւ անցած շաբաթ ծագած վեճը վերաճել էր ծեծկռտուքի: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի խոսքերով, Սիսիանում տեղի ունեցած նման միջադեպը բոլորովին կապ չի ունեցել ընտրությունների հետ, Կապանում, սակայն, նույնիսկ հրազեն է օգտագործվել:
Արտակ Սահրադյանը հորդորեց մարզպետներին հատկապես մեծ ուշադրություն դարձնել, որպեսզի բացառվեն նման միջադեպերը եւ ապահովվի, որպեսզի ընտրացուցակներին առնչվող նախկինում եղած խնդիրները չկրկնվեն:
Կարինե Քալանթարյան, Երեւան