Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտոնյաները հերքում են գրավյալ տարածքների մի հատվածի ազատագրման լուրը


Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները այսօր հերքել են «Ա-Էն-Էս» ադրբեջանական անկախ հեռուստակայանի երեկ հաղորդած լուրը, թե ադրբեջանցի զինվորականներին հաջողվել է ամռանը ետ վերցնել հայերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում:

Չորեքշաբթի երեկոյան «Ա-Էն-Էս»-ը հաղորդել էր, թե «42 օր առաջ, պատասխանելով հայկական կողմից բացված կրակին, Ադրբեջանի ռազմական ստորաբաժանումը կարողացել է ոչ միայն չեզոքացնել թշնամուն, այլեւ հաջող մարտական գործողություն իրականացնել Աղդամի շրջանում՝ հայերից ազատագրելով Յուսիֆջանլի գյուղը:


«Ա-Էն-Էս» անկախ հեռուստակայանի խմբագիր Իբրահիմ Մամեդովը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է, որ նկարահանող խումբը պատահաբար է հայտնվել այդ բնակավայրի մոտակայքում եւ զինվորներից տեղեկացել իրականացված մարտական գործողությունների մասին, որոնց ընքացքում, վերջիններիս վկայությամբ, 3 ադրբեջանցի զինվոր սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել:

Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր պաշտոնապես հերքել է ադրբեջանական գյուղի վերագրավման լուրը: Նախարարության խոսնակ Ռամիզ Մելիքովը «Թուրան» գործակալությանն ասել է, որ «նման բան չի պատահել եւ ոչ էլ ադրբեջանական կողմն է կորուստներ կրել»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության օպերատիվ ծառայության պետ Սուրեն Ասլանյանը եւս «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ այս տարի ղարաբաղա-ադրբեջանական սահմանին որեւէ լուրջ միջադեպ չի եղել:


Արմեն Դուլյան, Պրահա եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG