Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտի» հարցին, թե հատկապես ի՞նչ գործողություններով է դրսեւորվել Վաղարշակ Հարությունյանին կոչումից զրկելու մասին հրամանագրում նշված «բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումն ու պատիվն արատավորող վարքագիծը», նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանել է. «Զինվորականը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, ոչ պաշտոնաթող գեներալը չի կարող մասնակցել հանրահավաքների, որոնցում պահանջվում է Գլխավոր հրամանատարի պաշտոնանկությունը, հարցազրույցներում անվանարկել իր ղեկավարին։ Դա զինվորականին ոչ վայել եւ անթույլատրելի պահվածք է, գեներալը չի կարող հանդես գալ Գլխավոր հրամանատարի դեմ։ Այժմ նա ազատ է զբաղվելու քաղաքականությամբ եւ ասելու այն, ինչ ցանկանում է»։

«Օրրան», «Առավոտ» թերթերը տպագրել են «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը: «Վաղարշակ Հարությունյանի դեմ սանձազերծած քարոզչական հիսթերիան եւ այն եզրափակող Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ոչ այլ ինչ են, քան անձի դեմ ուղղված բարոյական, հոգեբանական եւ իրավական տեռոր», - իր գնահատականն է տալիս կուսակցությունը, որի ղեկավար անդամներից մեկը Վաղարշակ Հարությունյանն է։ Ավելի ընդհանրացնելով՝ ընդդիմադիր ուժը նախագահի գործողությունները դիտարկում է ապագա նախագահական ընտրությունների ծիրում. - «Նախագահական ընտրությունների նախաշեմին փորձ է արվում ստեղծել վարչաուժային բռունցք՝ որպես հաղթանակի ապահովման գլխավոր գործիք։ Մեր երկիրը կարող է հայտնվել մի վտանգավոր իրողության առջեւ, երբ քաղաքական պայքարի դաշտը դուրս կմղվի ասպարեզից՝ իր տեղը զիջելով ուժային առճակատման թատերաբեմին»: «Հայտարարում ենք, որ երկրի ներքաղաքական զարգացումների նման ընթացքի եւ դրա ծանր հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա վարչախմբի վրա», - ընդգծված է «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունում:

Նախագահական ընտրություններում նախկին նախագահի առաջադրվելու հնարավորության մասին ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. - «Տեր-Պետրոսյանը դեռեւս այդ առնչությամբ որեւէ բան չի ասել... եթե նա չառաջադրվի՝ կլինեն ՀՀՇ-ի այլ թեկնածուներ»: Մեկնաբանելով Վանո Սիրադեղյանի առաջադրվելու հնարավորությունը, Անդրանիկ Հովակիմյանը նշում է. - «Ամենակարեւոր պատճառը, թե ինչու թիվ 75 ընտրատարածքում նրան կրկին առաջադրվելու համար տեղեկանք չտրվեց Հայաստանում բնակության վերաբերյալ, հենց դա էր... Նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ դեռ իշխանություններն արեցին ամեն ինչ, որ հասարակական ընկալման մեջ արմատավորվի, թե ինչ-որ տեղեկանքի պատճառով Վանո Սիրադեղյանը չի կարող առաջադրվել»։

«Իրավունք»-ի հարցազրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կանխատեսում է, որ ընտրություններում պայքարն ընթանալու է ՀՀՇ-ի եւ Քոչարյանի միջեւ. «Այսօրվա դրությամբ շանսերը հավասար են: Քոչարյանը չկարողացավ ստեղծել թիմ, որի հետ կարող էր սկսել նախընտրական հստակ պայքար ու տանել մինչեւ հաղթանակ: Իսկ ընդդիմությունն այսօր հստակ է աշխատում, ակտիվ քաղաքական կյանքով է ապրում, չի վարանում կիրառել ցանկացած գործելաոճ: Այդ առումով երկու կողմերի շանսերը հավասար են»: Իսագուլյանը վստահաբար հայտարարում է. - «Բազմիցս ասել եմ, այսօր էլ չեմ վարանում կրկնել՝ Մեղրիի տարբերակ երբեւէ չի եղել... Եթե իր [Վաղարշակ Հարությունյանի] եւ Արամ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ նախագահը, ինչպես իրենք են պնդում, 3 անգամ հրաժարական է ներկայացրել, ապա թող բարի լինեին ընդունել նրա հրաժարականը, եթե համոզված էին, որ քայլը, որն ուզում է անել Ռոբերտ Քոչարյանը, դավաճանություն է: Թող իրենք ստանձնեին պետական ղեկը, որը տրվում էր կամովին, եւ մեջտեղից հանեին Մեղրիի տարբերակը»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, մեջբերելով եւ վերլուծելով տարածքների փոխանակման մասին Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, եզրակացնում է. «Մեղրին դարձել է այն ունիվերսալ գործիքը, որով Հայաստանում եւ Ադրբեջանում ընդդիմությունը պարբերաբար հարվածում է սեփական երկրի իշխանություններին եւ պարբերաբար էլ արժանանում վերջիններիս ժխտողական պատասխաններին»: Մեղրի մասին խոսակցությունների աղբյուրները մեկնաբանը փնտրում է դրսում. - «Երկու երկրներից դուրս գոյություն ունեն լուրջ ուժեր, որոնք պարբերաբար սեղմում են իրենց լծակները եւ, գործի դնելով 5-րդ զորասյուների միջոցով աշխատելու ծանոթ տեխնոլոգիաները՝ փորձում «Մեղրին» վերածել Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական կացությունն ապակայունացնող գործոնի»: «Հայոց Աշխարհ»-ի համար ակնհայտ է, թե ովքեր են «100 տոկոսանոց բլեֆի» օպերատիվ արձագանքողները Հայաստանում. «Պատասխանը առավել քան ակնհայտ է. հայրենի 5-րդ շարասյունը՝ ի դեմս հհշաարմատական ընդդիմության»:

«Հանրապետական դատախազությունը կարծես թե որդեգրել է շառ ու փորձանքից հեռու մնալու քաղաքականություն եւ գործուն քայլեր չի ձեռնարկում «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալներ Հարություն Հարությունյանի եւ Նաիրի Բադալյանի նկատմամբ կատարված բռնարարքների հեղինակներին բացահայտելու ուղղությամբ՝ այդպիսով, փաստորեն, պարտակելով օրինազանցներին» - դատախազությանը քննադատում է «Երկիր» շաբաթաթերթը՝ շարունակելով. - «Օրինախախտումների բացահայտումը հնարավոր է միայն զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնանկությունից եւ անջատված մասով քննությունը զինդատախազության վարույթից տեղափոխելուց հետո: Այն պարզ պատճառով, որ տեղի ունեցած իրավախախտումների իբրեւ կատարողներ մատնանշվում են զինդատախազության քննիչները եւ զինդատախազը, նրանց անուններն են հիշատակվում նաեւ որոշ գաղտնալսումներում, հետեւաբար այդ ապացույցները, փաստաթղթերը զինդատախազությունը դժվար թե տրամադրի ՀՀ դատախազությանը»: ՀՅԴ պաշտոնաթերթում հատուկ ընդգծված է. «Եթե Արամ Թամազյանը ի վիճակի չէ պահանջել իր ենթակայից, տվյալ պարագայում՝ Գագիկ Ջհանգիրյանից, հարգել օրենքը եւ քննչական խմբին ներկայացնել անհրաժեշտ բոլոր «անհետացած» եւ չանհետացած փաստաթղթերը, ձայնագրությունները, ուրեմն նա իր տեղում չէ: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Շունը շան թաթ չի տրորում»:

«Ազգ»-ի թղթակիցը Կիպրոսից տեղեկացնում է. - «Ինտերպոլի կողմից ժամանակին նախազգուշացվելուց հետո տեղական ոստիկանությունը երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին Լիմասոլում ձերբակալել է Երեւանի Միավորված բանկի նախկին բաժնետեր եւ տնօրեն Հովսեփ Գալստյանին, որին Հայաստանում որոնում են 168 միլիոն դրամի յուրացման կասկածանքով»։ Ըստ «Ազգ»-ի, Գալստյանին Հայաստանի կառավարությանը հանձնելու պահանջն այժմ քննարկվում է Կիպրոսի գլխավոր դատախազության գրասենյակում։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG